Համերաշխության և աջակցության քայլարշավ՝ նվիրված Բելառուսին
Մեր ընկերները, կոլեգաները և Բելառուսի ժողովուրդը մեր աջակցության ու միասնության կարիքն են զգում․ համերաշխության երթի կոչը սկսվում էր այս տողերով։
Օգոստոսի 13-ին Երևանում մի խումբ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ աջակցություն և զորակցություն հայտնելու Բելառուսում կեղծված ընտրությունների և բռնապետության դեմ պայքարող ժողովրդին։ Երթը մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի դարպասների մոտից և «Կեցցե՛ Բելառուսը», «Մենք ձեզ հետ ենք», «Ազատ Բելառուս» կարգախոսների ներքո Հյուսիսային պողոտայով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։
Սա ի սոլիդարության Բելառուսի երկրորդ բողոքի ակցիան է Երևանում․ Բելառուսի դեսպանատան առջև երեկ կայացած պիկետի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
Բելառուսի ավելի քան 33 բնակավայրերում 5 օր շարունակ մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս փողոց՝ պահանջելու աղաղակող ընտրակեղծիքների շնորհիվ հերթական անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Երկու օր է ինչ բողոքին միանում են նաև երկրի խոշոր, այդ թվում՝ պետական, գործարանները։ Ցույցերը ցրվում են բիրտ ուժի և ոստիկանական հատուկ միջոցների կիրառմամբ։
Տեղեկությունները շատ չեն․ ընտրությունների օրվանից սկսած, երկրում գրեթե հասանելի չէ ինտերնետը։ Տելեգրամում հրապարակվող կարճ տեսանյութերից, սակայն, պարզ երևում է, որ մասսայական ձերբակալությունները տեղի են ունենում առանձնակի դաժանությամբ․ հատուկ ջոկատայինները մի քանի հոգով հարձակվում են առանձին քաղաքացիների վրա՝ մահակներով, ոտքերով ծեծում և բերման ենթարկում։ Ավելի զանգվածային ձերբակալություններն ուղղորդվում են հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների, ռետինե փամփուշտների, ջրցան մեքենաների, երեկվանից՝ նաև ռազմական փանփուշտների կիրառմամբ։ Ձերբակալվում և ծեծի են ենթարկվում ոչ միայն ցույցի դուրս եկած քաղաքացիները, այլև լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմադիր գործիչները, պատահական անցորդները։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մոտ 7000 հոգի ձերբակալվել է, շուրջ 250-ը` հոսպիտալացվել միջին և ծանր վիրավորումներով, կա երկու հաստատված զոհ։ Ոչ պաշտոնական աղբյուրները ահազանգում են, որ ձերբակալվածների և վիրավորների թվերն իրականում շեշտակի գերազանցում են ՆԳՆ֊ի հրապարակած տվյալները։ Հարյուրավոր մարդիկ անհայտ կորած են․ նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանական մի քանի բաժանմունքներից ազատ արձակված մարդիկ ահազանգում են կտտանքների և ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։
Զառա Հարությունյան
լուսանկարները Էլիզա Մխիթարյանի