– Մեր ընկերները, կոլեգաները և Բելառուսի ժողովուրդը հրատապ մեր աջակցության ու միասնության կարիքն են զգում։ Եկեք միաբանորեն խաղաղ քայլարշավ կազմակերպենք Ազգային ժողովից մինչև Կառավարության շենք “Stop violence” “Long Live Belarus” ցուցանակներով, եթե ինչ-որ մեկը ունի հեղափոխության խորհրդանիշ դարձած կարմիր և սպիտակ դրոշը, բերեք ձեզ հետ, – ասված է Ֆեյսբուք սոցցանցում բացված «Համերաշխության և աջակցության քայլարշավ նվիրված Բելառուսին» էջում։
Քայլարշավը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին ժամը 19։00-ին Ազգային Ժողովից դեպի կառավարության շենք:
– Եթե կամավորներ լինեն, ովքեր կցանկանաք ավելի շուտ միանալ և օգնել պատրաստել պաստառներ, Սիրահարների այգում ժամը 6-ից մետրոյի մոտ, ձեզ հետ բերեք մարկերներ և A2 և ավելի մեծ ձևաչափի թղթեր, կսպասենք։
Բելառուսում ցույցերը շարունակվում են օգոստոսի 9-ից՝ թափանցիկ ընտրությունների պահանջով, սակայն ուժայինները բռնություն են կիրառում ցուցարարների դեմ՝ դիմելով նաև հատուկ միջոցների օգնությանը։ Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ պատահական անցորդներ, և լրագրողներ, դաժան ծեծի և կտտանքների են ենթարկվում ինչպես ոստիկանական ավտոմեքենաների, այնպես էլ բաժիններում։
Ակցիայի կազմակերպիչները նշում են նաև, որ քայլարշավն արդյունավետ կընթանա միմիայն հակահամաճարակային կանոնները պահպանելու դեպքում՝
1․ Կրել դիմակներ
2․ Պահել 1․5 մետր սոցիալական հեռավորություն
– Քայլարշավի միակ նպատակն է՝ մեր աջակցությունը հայտնել Բելառուսում բնակվող մեր ընկերներին, – ասված է գրառման մեջ։
Նշենք, որ երեկ Բելառուսի դեսպանատան առջև կայացավ առաջին ցույցն ի սոլիդարություն բելառուս ժողովրդի։