Հայաստանյան քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել այլ օրերին Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․
– փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով,
– խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ,
– չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների,
– ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:
«Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։
Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։
Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.
– ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,
– անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,
– ազատել բոլոր քաղբանտարկյալներին»։
Հայտարարությունը, որը բաց է միանալու համար, ստորագրել են՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը
Հանրային լրագրության ակումբը
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ը
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ը
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը