Home / Հայաստան / Նորընտիր նախագահի վտարումը Բելառուսից չօգնեց բռնապետությանը

Նորընտիր նախագահի վտարումը Բելառուսից չօգնեց բռնապետությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, օգոստոսի 9-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ քվեների  80,08 տոկոսով: Նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, ստացել է քվեների 10,09 տոկոսը: Ոչ պաշտոնական էքզիթ փոլերը, սակայն, ուղիղ հակառակն են փաստում։ Դիտորդներն ահազանգում են բազմաթիվ կոպիտ ընտրախախտումների, լցոնումների, կեղծիքների և արդյունքերի ֆալսիֆիկացման մասին։

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընտրությունների արդյունքները չի ճանաչել և հայտարարել է, որ ունի բազմաթիվ ապացույցեր, որ դրանք ֆալսիֆիկացված են․ նրա ընտրական շտաբը երեկ դիմել է ԿԸՀ՝ պահանջելով չեղյալ համարել արդյունքերը, վերահաշվարկ անել երկրով մեկ և նոր քվեարկյություն նշանակել՝ որոշ ընտրատեղամասերում։ ԿԸՀ դիմելուց հետո Տիխանովսկայայի թիմակիցները նրան այլևս չեն հանդիպել․ առավոտյան հայտնի դարձավ, որ ընդդիմադիրը լքել է երկրիը։

Երեկ նրա գտնվելու վայրը երկար ժամանակ հայտնի չէր։ Այսօր հաստատվեց, որ Տիխանովսկայան Լիտվայում է՝ երեխաների մոտ։ Վերջինս տեսաուղերձ էր հրապարակել, որում նշում է, որ «մնացել է այն նույն թույլ կինը, որը եղել է ի սկզբանե»․ «Ես շատ ծանր որոշում եմ կայացրել։ Այս որոշումը ես կայացրել եմ բացարձակ ինքնուրույն․ ոչ ընկերները, որ հարազատները, որ շտաբը, ոչ էլ Սերգեյը [Տիխանովսկի] որևէ կերպ դրա վրա ազդել չէին կարող։ Գիտեմ որ շատերն ինձ կհասկանան, շատերը կդատապարտեն, շատերն էլ՝ կատեն։ Բայց, գիտեմ, Աստված չտա կանգնել այն ընտրության առջև, որի առջև եմ ես։ Մարդի՛կ, խնայեք ձեզ, խնդրում եմ․ այն, ինչ կատարվում է հիմա, ոչ մի կյանք չարժի»։

Ավելի ուշ ևս մեկ տեսաուղերձ հրապարակվեց, որում նա կոչ է անում մարդկանց հրապարակներ դուրս չգալ, հարգել օրենքը և չդիմադրել ոստիկանությանը։ Երբ և որտեղ է նկարահանվել այս ուղերձը՝ հայտնի չէ։

Տիխանովսկայայի վստահված անձը՝ Օլգա Կովալկովան նշել է, որ տեսաուղերձը կարող էր ձայնագրվել հենց ԿԸՀ-ում, որտեղ նրան առանձնացրել էին փաստաբանից, այնուհետև՝ տարել երկրից։ Կովալկովան նշում է, որ Տիխանովսկայան նույն շապիկով է, ինչ ԿԸՀ գնալուց։ Բազմոցը, որ երևում է կադրում, ավելի վաղ աչքի է ընկել ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինայի՝ ԿԸՀ-ում ձայնագրված հարցազրույցներում։

«Ժամը 19-ի սահմաններում ԿԸՀ-ից դուրս եկավ Զնակը։ Ասաց, որ Տիխանովսկայան չի գա։ Նա մեզ մոտ, թիկնապահների կամ մեքենայի մոտ այդպես էլ չիջավ։ Մենք չգիտենք, ով է նրան տարել ԿԸՀ-ից, բայց կարող ենք ենթադրել, որ բելառուսական հատուկ ծառայությունը», – «Եվրառադիո»-ի հետ զրույցում ասել է Կովալկովան։

Նշենք, որ ԿԸՀ են դիմելու նաև նախագահի թեկնածուներ Սերգեյ Չերչենը և Անդրեյ Դմիտրիեվը․ ինչպես և Տիխանովսկայան, նրանք պնդում են, որ ընտրությունների արդյունքերը ամբողջապես ֆալսիֆիկացվել են։

Հատկանշական է, որ քվեների հաշվարկի ժամանակ օգոստոսի 10-ի գիշերը որոշ ընտրատեղամասեր էին ներխուժում ոստիկանության հատուկ ջոկատայինները․ դա այն ըտնտրատեղամասերն էին, որտեղ հանձնաժողովի անդամները հրաժարվել են ստորագրել արձանագրությունները և պահանջել են քվեների արդար հաշվարկ։ Այդ տեղամասերում Լուկաշենկոն հաստատուն պարտություն է կրել։

—Բելառուսի շուրջ 35 բնակավայրերում աննախադեպ զանգվածային բողոքի ցույցեր են, որոնք սկսվել են ընտրությունների օրվա գիշերը (oրվա տեքստային հեռարձակումը՝ այստեղ) և շարունակվում են մինչ այժմ․ ցույցերը ցրելու համար ավելի քան 12 քաղաքներում հատուկ միջոցներ են կիրառվել՝ լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և այլն։ Հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, ձերբակալված են։ Կան տասնյակ վիրավորներ և մեկ զոհ։

Օգոստոսի 10-ի առավոտյան Բելառուսի ՆԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ մինչև այդ ձերբակալվել է մոտ 3 000 հոգի, ավելի քան 50 հոգի՝ տուժել է։ Նրանց մի մասը հոսպիտալիզացված է։ Հետագայում ՆԳՆ-ն հաստատել է, որ բախումների արդյունքում նռնակի պայթյունից զոհվել է մեկ քաղաքացի։

Այսօրվա ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ երեկ ձերբակալվել է ևս 2 000 հոգի, տուժել՝ 21 իրավապահ։

— ԶԼՄ-ների և իրավապաշտպանների տվյալներով՝ ձերբակալվածների և վիրավորների թիվը շեշտակի գերազանգցում է պաշտոնական թվերը։ Ձերբակալվածների գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաճախ չկան։ Հայտնի է միայն, որ նրանցից շատերը տեղափոխվում են ոչ թե ոստիկանական բաժանմունքներ (որտեղ, ըստ էության, տեղ այլևս չկա), այլ՝ պահեստներ և չնախատեսված այլ վայրեր։

— Երկրով մեկ ինտերնետ գրեթե չկա։ Շատ թե քիչ աշխատում է Telegram-ը, որի հիմնադիրը ավելի վաղ հայտնել էր, որ հարթակը գործարկել է հատուկ հակացենզուրային միջոցներ, որոնց շնորհիվ տելեգրամը կարողանում է շրջանցել սահմանափակումները և աշխատել նույնիսկ շատ թույլ կապի պայմաններում։ Սոցիալական այլ ցանցերը գրեթե հասանելի չեն։ Խափանվել են նաև լրատվականների կայքերը, այդ թվում՝ անկախ tut.by-ը և «ԲելՏա»-ն։

— Գործարանները դուրս են գալիս գործադուլի։ Մոտ 10 խոշոր գործարաններ, այդ թվում՝ ստատեգիկ նշանակության, գործադուլ են անում, մի քանիսը՝ պատրաստվում են գործադուլի։ Որոշ տեղերում աշխատակիցները լքում են աշխատավայրը, որոշներում՝ հավաքվում գործարանի տարածքում։

— Ճանապարհները խոշոր քաղաքներում փակվում են ոստիկանների կողմից։ Որոշ տեղեր, այնուամենայնիվ, երեկ ավտոերթեր էին կազմակերպվում, որոնք իրենց հերթին փակում էին ճանապարհները ոստիկանական հատուկ տեխնիկայի առջև։ ՔԿ սպառնում է առգրավել ցուցարար վարորդների մեքենաները։

https://twitter.com/ilyapahomov/status/1292900963385253888

— Քաոտիկ բողոքի ցույցերը ձգվում են մինչև առավոտ․ խաղաղ ցուցարարները, այդ թվում՝ կանայք, ձերբակալվում են հաճախ առանձնակի դաժանությամբ։

— Որոշ դեպքերում ձերբակալությունները վերածվում են բախումների, կառուցվում են բարիկադներ՝ Մինսկում, Բրեստում և այլն։

https://twitter.com/tutby/status/1292562605312278532

— Պաշտոնյաները և իշխանական մեդիաները զանգվածային ցույցերը ներկայացնում են որպես կազմակերպված սադրանքներ, որոնց մասնակցում են հարբեցողները, թմրամոլները և ուղղորդված մարդիկ։

— Սվետլանա Տիխանովսկայան բողոքի ցույցերին երբև չի միացել։

Ընտրությունների օրվա, նախընտրական զարգացումների և թեկնածուների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։