Բելառուսում նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի օգտին գրեթե բացահայտ ագիտացիա են իրականացնում Բեշենկովիչիի մարզային իշխանության ներկայացուցիչները, «Բաստա» տելեգրամ ալիքին հայտնում է տեղի բնակիչներից մեկը։
«Քիչ առաջ իմացա, որ մարզի գործադիր իշխանությունը Տիխանովսկայայի կողմից է։ Գուցե նրանց այդպիսի դիրքորոշման վրա ազդել էր այն, որ այստեղ կորոնավիրուսով ամենաշատը հենց պաշտոնյաներն էին վարակվել»։
Բելառուսում համավարակի պայմաններում կարանտինային սահմանափակումներ չեն մտցվել։ «Բաստա!» տելեգրամ ալիքը՝ հիմնվելով օգտատերերի վկայությունների վրա, բազմիցս խոսել է երկրում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման և վարակվածներին ոչ պատշաճ բժշկական աջակցություն տրամադրելու մասին։
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է վեցերորդ անգամ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ թեկնածուներից գրանցել է միայն Սվետլանա Տիխանովսկայային՝ ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կնոջը։
Չգրանցված թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի աջակիցները ևս պայքարում են Տիխանովսկայայի հաղթանակի համար։ Այժմ նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջագայում է Բելառուսի քաղաքներում։ Երեկ Բորիսովում կայացած հանրահավաքին մասնակցել է ավելի քան 3000 քաղաքացի, Գրոդնոյում՝ 2000։ 19000 բնակիչ ունեցող Գլուբոկոյե քաղաքում Տիխանովսկայայի քարոզչական հավաքին մասնակցել է շուրջ 1000 քաղաքացի։
Փողոցային ակցիաներին և հանրահավաքներին զուգահեռ շարունակվում են նաև հակակառավարական ֆլեշմոբերը։ Հունիսի 23-ից սկսած ամեն օր ժամը 19։00-ին ի նշան համերաշխության Բելառուսի տարբեր քաղաքների բնակիչները բացում են պատուհանները, ծափահարում, կաթսաներով աղմկում կամ երաժշտություն միացնում․ «Ընդհամենը երկու րոպե, բայց ամեն օր ու մինչև հաղթանակ»։
Բելառուսի ցույցերին իրենց աջակցությունն են հայտնել նաև Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի ցուցարարները։ «Բելառուս, Խաբարովսկը ձեր կողքին է»,- գրված է պաստառի վրա։
Նախընտրական ցույցերի արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 800 քաղաքացի։