Խաբարովսկում բողոքի ակցիաներ են՝ ի պաշտպանություն 2000-ականներին մի քանի սպանությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալված մարզպետ Սերգեյ Ֆուրգալի։ Խաբարովսկի Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Մոսկվա՛, լսի՛ր մեջ», «Ֆուրգալին տուն ուղարկեք», «Մենք դեռ կգանք» և այլ կարգախոսներ։
Սա Ֆուրգալի պաշտպնության համար կազմակերպված արդեն չորրորդ ոչ արտոնված հավաքն է վերջին երեք օրերի ընթացքում։ Երկրամասի տարբեր քաղաքներում երթեր, բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։
Ֆուրգալի ձերբակալության պատմության և պատճառների մասին «Նովայա Գազետա» օնլայն թերթի համար գրել է Յուլիա Լատինինան։
Կրեմլը մարզպետի համար այնպիսի գովազդ ապահովեց, որի մասին մետաղի ջարդոնների նախկին առևտրականը երազել անգամ չէր կարող։
Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունը Կրեմլի համար անհաջող միջոցառում էր փաստորեն։ Մարզպետերին ձերբակալում էին նաև նախկինում, բայց՝ առանց ցույցերի։ Ցույցեր ու բազմամարդ հավաքներ չհարուցեցին նաև Սերեբրեննիկովի ձերբակալությունը, Պրոկոպևայի դատավարությունը, Անատոլի Բիկովի կալանավորումը Կրասնոյարսկում, որը լրիվ նույն մոդելով էր, ինչ Ֆուրգալինը։
Ֆուրգալի ձերբակալությունից հետո Խաբարովսկի փողոցներում շուրջ 35 հազար մարդ էր հավաքվել։ Ամբոխը գոռում էր «Պուտին հեռացիր», իսկ ոստիկանները չէին բռնում, քանի որ ուրիշ քաղաքներից կամ, ասենք՝ Չեչնիայից Հատուկ նշանակության ջոկատներ չէին հասցրել հրավիրել, ինչն իհարկե կանեին, եթե ենթադրեն, որ ցույցերը նման թափ կստանան։
Սերգել Ֆուրգալը մեղադրվում է ոչ թե մարզպետերին բնորոշ թալանների հոդվածով, այլ՝ սպանությունների։ Հեռավոր արևելքը դաժան տեղ է, բարդ է գտնել մարկանց, ովքեր բիզնեսում ինչ որ բան են ներկայացնում իրենցից ու սպանություններ չեն գործել, իսկ Ֆուրգալը մետաղի ջարդոնների բիզնեսից էր, որը 90-ականներին գողականների վերահսկողության տակ էր։
2004 թվականին Ֆուրգալն ու իր գործընկերները ոմն Եվգենի Զորյայից Երկաթբետոնային ապրանքատեսակների գործարանի կորպուսի սեփականություն էին վիճարկում։ Դատարանը վճռեց, որ տարածքը Զորյային է պատկանում, որից հետո անհայտ անձինք նրա վրա ութ անգամ կրակեցին։ Հանգուցյալի բնակարանում գրություն հայտնաբերվեց, որում ասվում էր, որ իր մահվան դեպքում Զորյան իրավապահներին կոչ է անում սպանության մեջ մեղադրել «Միֆ Խաբարովսկ» ՍՊԸ֊ի ղեկավարությանը։
ՍՊԸ֊ն այդ ժամանակ ղեկավարում էին Սերգեյ Ֆուրգալը, Նիկոլայ Միստրյուկովը և Օլեգ Բուլաթովը։
Ինչ որ ժամանակ անց Ֆուրգալը վիճում է Օլեգ Բուլաթովի հետ, և․․․ ինչպիսի զուգադիպություն․ 2005 թվականին Բուլաթովին ևս գնդակահարում են։ Ֆուրգալի բախտն էլ էր Կադիրովի պես բերում․ թշնամիներին մեկը մյուսի հետևից սպանում էին։
Որոշ պատմություններ լրիվ Կուշյովկայի (12 քաղաքացու սպանություն 2010 թվականի նոյեմբերի 4-ին, Կրասնոդարի շրջանի Կուշյովսկա ստանիցայում, խմբ․) տպավորություն էին թողնում։ Ֆուրգալը Լերմոնտովկա գյուղում մետաղի ջարդոնների հավաքագրման կետ ուներ։ Այդտեղ եկել էր Սանդալով ազգանունով երիտասարդն ու վերցրել ջարդոնը (ինչո՞ւ՝ բարդ է ասել։ Սանդալովի մայրը պնդում է, որ որդին հետ է վերցրել այն ջարդոնը, որի համար իրեն հրաժարվել են վճարել)։ Սա 2004-ին էր։ Գյուղ եկան չորս կամ հինգ մեծամարմին մարդիկ, երկու օր ամբողջ գյուղում Սանդալովին էին փնտրում, առանց թաքցնելու ասում էին, որ շեֆն իրենց ուղարկել է մետաղի ջարդոնը տանողին գտնելու։
Երբ գտան, Ֆուրգալի անձնական վարորդը «Սայգայից» կրակեց Սանդալովին։
Մի խոսքով, այսպիսի կենսագրությամբ Սերգել Ֆուրգալը պետք է իհարկե «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունում լիներ, ինչպես Դարկինը կամ Վիննի Թուխը, բայց նա չգիտես ինչու դրա էկոնոմ տարբերակով՝ ՌԼԴԿ֊ով (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն):
Ու քանի որ մեր մոտ ՌԼԴԿ֊ն սփոյլերի դեր է տանում, 2018 թվականին Ֆուրգալն առաջադրվեց որպես գործող մարզպետ Վյաչեսլավ Շպորտի սփոյլեր։ Ու սա հենց այն դեպքերից էր, երբ ընտրություններում առաջադրվում են եդինոռոսն ու պուդելը, իսկ ժողովուրդը պուդելին է ընտրում։ Ֆուրգալը ձայների 70 տոկոսն էր հավաքել։ Շշուկներ են շրջանառվում, որ ընտրությունների առաջին փուլից հետո նախագահի լիազոր ներկայացուցիչ Տրուտնևը Ֆուրգալին հորդորել էր «հանել» թեկնածությունը։ Ֆուրգալը մերժել էր։ Տրուտնևը դա ընդունել էր որպես պայմանավորվածության խախտում, ինչը բավական բնութագրական է պուտինական պաշտոնյայի համար։ Քանի որ երբ պուտինական պաշտոնյան ձախողում է, երբեք իրեն չի հարցնում․ «Ի՞նչը ես այն չեմ արել»։
Նա հարցնում է․ «Ո՞վ է մեղավոր, ո՞ւմ նստացնենք»։
Այսպես, Զորյայի և Բուլաթովի սպանություններն իշխանությունների սրտին չէին կպնում, մինչև Ֆուրգալը չգործեց հետևյալ չորս հանցագործությունները․
-
Ընտրություններում հաղթեց եդինոռոսին։
-
Ի հակառակ սպասելիքների, նա բավականին մեծ ժողովրդականություն վայելող մարզպետ էր։ Պաշտոնյաներին արգելում էր բիզնես կլասով երթևեկել, վաճառքի էր հանել կառավարական զբոսանավը, իր աշխատավարձը 1,4 մլն ռուբլուց կրճատել էր մինչև 400 հազար ռուբլի։
-
Երկրամասում ավելի բարձր վարկանիշ ուներ, քան Պուտինը (այդ կապակցությամբ Տրուտնևի մասնակցությամբ նիստի ձայնագրություն կա, որում մեղադրում են Ֆուրգալին)։
-
Ֆուրգալի հայտնիության ալիքի վրա ՌԼԴԿ֊ն 2019 թվականի սեպտեմբերին հաղթեց երկրամասի դումայի ընտրություններում։
Ֆուրգալին սկսեցին ճնշել։ Նստացրեցին մարզպետ Իշաևին (ասում էին, որ նա Ֆուրգալին է աջակցում)։ Սկսեցին «ԱմուրՍտալ» գործարանը սեղմել, և, կարևորը, Լեֆորտովո տարան ՍՊԸ֊ի իր երրորդ և միակ ողջ մնացած գործընկերոջը՝ Միստրյուկովին, ով Ֆուրգալի դեմ ցուցմունք ներկայացրեց։ Ինչպես են ճնշել Միստրյուկովին՝ մնում է ենթադրել, քանի որ դեռ մինչև Ֆուրգալի ձերբակալությունը Միստրյուկովը հրաժարվում էր հանդիպել Եվա Մերկաչևայի և այլ իրավապաշտպանների հետ, ինչն աննախադեպ է Մերկաչևայի պրակտիկայում։
Այս ամենից հետո Ֆուրգալը հինգերորդ հանցագործությունը գործեց․ իր երկարամասում հրաժարվեց կեղծել քվեարկության արդյունքները։
Պաշտոնական տվյալներով մասնակցությունը Խաբարովսկում կազմել է 44%, «կողմ» քվեարկել է ընտրողների 63%֊ը։ Այս արդյունքները զարմանալիորեն մոտ են Ռուսաստանի իրական արդյունքներին, որոնք հաշվարկում է Սերգեյ Շպիլկինը։
Մի խոսքով, մարզպետ Ֆուրգալն այն մարդը չէ, ում մասին կարելի է դրական հոդված գրել։ Բայց կարծում եմ, նրա մասին կարելի է գլխապտույտ վեպ գրել․ գրականությունն առհասարակ բռնում է կյանքի այնպիսի նրբութունները, որոնք լրագրությունը չպետք է բռնի։
Երևի Կրեմլում շատ բան են հաշվի առել ձերբակալությունից առաջ։ Եվ այն, որ բռնել պետք է հանրաքվեից հետո (թե չէ արդյունքն էլ ավելի վատ կլիներ)։ Նաև Ժիրինովսկու զայրույթը (քանի որ, հիմա ո՞վ է իր հետ սեղան նստելու)։ եվ ամենակարևորը, հաշվարկել էին ուղերձը, որն այս ձերբակալությամբ ուղղվում է սփոյլերներին, ովքեր ընտրվել են բողոքական քվեարկության շնորհիվ։
«Կարծում եք ձեր հետ առևտրի մե՞ջ ենք մտնելու, առնելո՞ւ ենք։ Մենք նստացնելու ենք ձեզ»։
Սա այդպիսի կանխարգելիչ գործողություն էր, որպեսզի աճող անկայունության պայմաններում ՌԼԴԿ֊ն շատ չպահանջի իր ծառայությունների համար։