Home / Մարզեր / Բելառուսը շարունակում է պայքարել

Բելառուսը շարունակում է պայքարել

Բելառուսում նախահեղափոխական իրադրություն է։ Շատերն ասում են, որ թավշյա հեղափոխությունն արդեն սկսվել է։ Հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ մասնակցելու անկախ թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահավաքին և դժգոհություն արտահայտելու Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության նկատմամբ։

Հայտնի կարգախոսներից է «Սաշա երեք տոկոս» արտահայտությունը, որը հղվում է համացանցում արված անկախ հարցումներին, որոնց արդյունքների համաձայն Լուկաշենկոյի վարկանիշը 1–3 տոկոսի սահմաններում է, ոչ ավել։ Բռնապետը զայրացած փորձում էր արգելել ինտերնետային հարցումները։ Արդյունքում «Սաշա երեք տոկոս»-ը մնաց որպես մականուն։

Այս ընթացքում համացանցում հակաիշխանական ֆլեշմոբեր են կազմակերպվում։ Տարբեր մասնագիտությունների տեր անձինք շարունակում են լուսանկարներ հրապարակել՝ մասնագիտական սիմվոլիկայով և Լուկաշենկոյին դեմ գրառումներով։ Այս ֆլեշմոբին միացել են նաև ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հունիսի 23-ից սկսած ամեն օր ժամը 19։00-ին ի նշան համերաշխության Բելառուսի տարբեր քաղաքների բնակիչները բացում են պատուհանները, ծափահարում, կաթսաներով աղմկում կամ երաժշտություն միացնում․ «Ընդհամենը երկու րոպե, բայց ամեն օր ու մինչև հաղթանակ»։

Սոլիդարության ակցիաներ են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներում։

Այսօր ի նշան Բելառուսի ցուցարարների հետ համերաշխության, հավաք է կազմակերպվել Ռիգայում։

Սոլիդարության ցույցերը հասել են նաև ԱՄՆ։ Այսօր մարդիկ հավաքվել էին Շառլոթում, Հյուսիսային Կառոլինայի նահանգ։

Բոլոնիայում ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների արդյունքում բերման ենթարկվածներին։

Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է առաջադրվել վեցերորդ անգամ։