Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու կոչերին։
ԱԱԾ-ն բերում է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակչի օրինակը, որի հաղորդման հիման վրա փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ ապրիլի 2-ին գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում ժամը 12:30-ի սահմաններում դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 դրամ, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15.000՝ իր, մոր և կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է ընտրություններին մասնակցող թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալու, ինչպես նաև ընտակաշառք տալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ և դեպքի հանգամանքներն անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով և 154.2 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար», – նշված է հաղորդագրությունում: