«Գոլոս» շարժումը սահմանադրական փոփոխությունների համառուսական քվեարկության անկախ դիտորդություն է իրականացրել քարոզարշավի ողջ ընթացքում, սկսած 2020 թվականի մարտից՝ ներառյալ քվեարկության անց կացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, գործընթացների սկզբնական մեկնարկը, համավարակով պայմանավորված հետաձգումը, վերամեկնարկն ու բուն քվեարկությունը։
Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդությունն իրականացվել է 42 մարզերում։ Համառուսական քվեարկությունը գնահատվել է ռուսական սահմանադրության և միջազգային ստանդարտներին համապատասխան։
Այդ ստանդարտները դասակարգված են չորս բլոկերում․
- Նախապատրաստական փուլի հետ կապված նորմեր․ քվեարկության հայտարարման գործընթացային նորմերի պահպանում, կանոնների հաստատում համապատասխան օրենքների միջոցով, կանոնների կայունություն, դիտորդների իրավունքների պահպանության երաշխիքների տրամադրում, քվեարկության ներկայացվող հարցի տարբեր մասերի միջև ներքին կապի առկայություն, քվեարկության արդյունքների որոշակիություն։
- Նորմեր, որոնք կարծիքների բազմազանության հնարավորություն են ստեղծում առաջարկվող փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ։
- Նորմեր, որոնք ապահովում են բուն քվեարկության և դրա արդյունքների հաշվարկի արդար ընթացքը։
- Նորմեր, որոնք երաշխավորում են քվեարկությունը կազմակերպող հանձնաժողովին բողոքարկելու հնարավորությունը և պատիժ սահմանում քվեարկության մասնակիցների իրավունքների խախտման դեպքում։
Այս ստանդարտների պահպանման անհրաժեշտությունը քաղաքացիների կամքի ձևավորման և ազատ արտահայտման համար բազմիցս հաստատել է Ռուսաստանի Սահմանադրական դատարանը, ընդգծելով, որ այս նորմերին հետևելու համար պահանջվող պայմանների ստեղծումը պետության ուղիղ պարտավորությունն է։
Այս պահին արդեն հնարավոր է գնահատել անցկացված քվեարկությանը վերոնշյալ չափանիշերով։ Հարցեր մնում են միայն վերջին կետի հետ կապված՝ արդյունքների բողոքարկում և մարդու ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի պատիժ։
1. Իրավունքների զանցառում
Մարզային խորհրդարանների մեծամասնության կողմից հավանության արժանանալուց հետո Սահմանադրական փոփոխությունների համառուսական քվեարկության կազմակերպումը կասկածելի է ՌԴ Սահմանադրության 136 հոդվածի մասով։ Չնայած Սահմանադրական դատարանը ասել է, որ այսպիսի քվեարկությունը չի կարող Դաշնային խորհրդի պարտավորությունների և լիազորությունների հրաժարում համարվել (ՍԴ եզրակազություն, 16.03.2020 № 1-3), ակնհայտ է, որ քվեարկության կազմակերպման իրավական անհրաժեշտությունը հաստատող հիմքեր չկան։
Փաստացի, փոփոխությունները նախաձեռնողների համար համառուսական քվեարկության կազմակերպումն ի սկզբանե ոչ ավելին էր, քան փիար ակցիա, որի նպատակը ոչ թե քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն էր, այլ այդ կամքի մասին իշխանություններին անհրաժեշտ պատկերացման ձևավորումը։
Արդյունքում կանխամտածված կամ ոչ կանխամտածված բացեր առաջացան քվեարկության կարգավորման նորմատիվ իրավական դաշտում։ Փոփոխությունների մասին օրենքը չի կարգավորում այպիսի քվեարկության անց կացումը։ Դրա նորմերը շարադրված են փաստաթղթում, որն ավելի ցածր մակարդակ ունի։
Վտանգավոր իրավական գործընթացներ են կազմակերպվել, որոնք հարցականի տակ են դնում Ռուսաստանի նորմատիվ ակտերի համակարգը։ Քվեարկության կազմակերպման առանցքային մասնակիցները հաճած դուրս են եկել իրենց լիազորությունների սահմաններից։
Նախ, նախագահը հանձնարարություններ է տվել ԿԸՀ֊ին և այլ ընտրական հանձնաժողովներին, ինչն անօրինական է, քանի որ այդ կառույցներն անմիջականորեն նախագահին չեն ենթարկվում։
Երկրորդ, ԿԸՀ֊ն դուրս է եկել օրենքով սահմանված իր լիազորություններից, վաղաժամկետ քվեարկություն կազմակերպելով հունիսի 25-30։ ԿԸՀ֊ն նաև իրավասու չէր հատուկ տարածաշրջանային հանձնաժողով ստեղծել հեռահար քվեարկության համար։Այսինքն, փոփոխության մասին օրենքով նախատեսված էլեկտրոնային քվեարկությունը կազմակերպվել է մարմնի կողմից, որը ձևավորվել է ապօրինի ճանապարհով։
Երրորդ, Ռուսաստանի ԿԸՀ֊ն ենթաիրավական ակտերի միջոցով բարդացրել է ԶԼՄ֊ների հավատարմագրումը։
Չորրորդ, դիտորդների գրանցումը օրենսդիր մարմինը վստահել է Հասարակական պալատին, որն իր իրավակայն բնույթով այդպիսի լիազորություններ չունի։
Հատուկ հիշատակման է արժանի քվեարկության ընթացքում դրա իրականացման կանոնների փոփոխման փաստը։ Օրենսդրական ակտերը փոփոխվում էին անգամ քվեարկության մեկնարկից հետո։
Վերջին և բավականին էական փոփոխությունները քվեարկության կարգի վերաբերյալ ԿԸՀ֊ն ընդունել է հունիսի 23-ի երեկոյան։ Ընտրատեղամասերի աշխատանքի տևողությանն այդ փոփոխությամբ սահմանվեց առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, չնայած մինչ այդ աշխատաժամերի հարցը որոշում էին առանձին մարզերը։ Այսպիսի փոփոխություն մտցվեց քվեարկության մեկնարկից ընդհամենը 30 ժամ առաջ, հրապարակվեց հունիսի 25-ի ցերեկը՝ հետին թվով պարտադրելով աշխատանքը սկսել առավոտյան 8-ին։
2. Հարցի և քվեարկության հետևանքների ոչ իրավական ձևակերպում
Տարբեր ուղղվածությունների փոփոխությունները մեկ փաթեթում ներկայացնելը նախագծին մեկ միանշանակ պատասխան տալու հնարավորություն չի տալիս։ Սա հակասում է քաղաքացիների ուղիղ կամարտահայտման միջազգային ստանդարտներին։ Առաջանում է հարցի բազմամեկնաբանելիություն և քվեարկության հետևանքների անորոշություն։ Ընդ որում, Ռուսաստանի ԿԸՀ֊ի, քաղաքային և պետական ԶԼՄ֊ների աշխատանքում կարելի է տեսնել սահմանադրական փոփոխութունների տարբեր կետերի անհամաչափ լուսաբանում։ Առավելագույն ուշադրություն է դարձվել «սոցիալական» և «մշակութային» բլոկին, որն իրականում փոփոխությունների ընդհանուր ծավալի մեկ տասներորդ մասն է կազմում։
Իշխանության վերաներկայացման հարցերին, ներառյալ գործող նախագահի ժամկետների զրոյացումը, ուշադրություն գրեթե չի դարձվել։
3. Հանրային քննարկումներում բազմակարծության ապահովման համար անհրաժեշտ պայմանների բացակայություն
Կարծիքների բազմազանությունն անհնար էր ապահովել ագիտացիայի կազմակերպման և ֆինանսավորման վերահսկման իրավական կարգավորումների բացակայության պատճառով։ Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու ագիտացիոն գործառույթն իր վրա էր վերցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը դրա փոխարեն պարտավորված էր զբաղվել քվեարկության անց կացման կարգի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմամբ։ «Կողմ»֊ի քարոզարշավին ակտիվորեն միացել էին նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց ԶԼՄ֊ներն ու պաշտոնատար անձինք։
Փոփոխություններին դեմ քաղաքական և հասարակական ուժերը քարոզարշավի անց կացման հնարավորություն փաստացի չունեին։ Նրանց մերժում էին անգամ վճարովի բիլբորդային պաստառներ տեղադրելու կամ վճարովի լրատվական նյութեր հրապարակելու հարցում։ «Ոչ» շարժման ագիտացիոն կայքն արգելափակվել էր Ռոսկոմնադզորի կողմից։
4. Քաղաքացիներին ստիպում էին մասնակցել քվեարկությանը
Գործատուներն ու պետական պաշտոնատար անձինք քաղաքացիներին ստիպում էին մասնակցել քվեարկությանը։ Խոսքը մի քանի տասնյակ միլիոն մարդկանց մասին է։
Դրա համար հարմար հնարավորություններն ապահովել էր ԿԸՀ֊ն՝ թույլատրելով մեկ շաբաթ տևողությամբ անվերահսկելի քվեարկությունը։ Եկատերինբուրգում ընտրական հանձնաժողովների աշխատակիցները նշումներ էին անում գործատուների կողմից աշխատողներին տրամադրված «դեպի քվեարկություն ուղղորդող» թերթիկների վրա։
5. Բազմակի քվեարկություն, քվեարկության գաղտնիության խախտում և այլ կեծարարություններ
Քվեարկության բոլոր օրերին մեծ քանակության ահազանգեր էին գալիս առանց անձնագրի կամ ուրիշի փոխարեն քվեարկության, քվեաթերթիկների լցոնման և այլ ընտրախախտումների մասին։ Կան նաև կրկնաքվեարկության դեպքեր։
Փորձը ցույց տվեց, որ տնամերձ հատվածներում կազմակերպված ընտրատեղամասերը չեն ապահովում քվեարկության գաղտնիությունը։
Փոխարենը անհիմն «գաղտնիություն» է սահմանվել ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի համար։ Ի հակադրություն թափանցիկության սկզբունքներին, շատ տեղամասերում ընտրության մասնակցած անձանց ցուցակը և այլ փաստաթղթեր գաղտնի էին պահվում անգամ տեղամասի աշխատակիցներից ու դիտորդներից։ Շատ դեպքերում դա ուղեկցվում էր ապօրինի «աշխատանքից ազատմամբ», ծեծով ու առողջությանը վնաս պատճառելով։
Որոշ քաղաքացիներ ընտրատեղամաս այցելելով տեսել են, որ իրենց անվան դիմաց արդեն նշված է, որ քվեարկել են։
Ռուսաստանի ԿԸՀ֊ն, ով սոցիոլոգիական ծառայություններին դատապարտում էր էքզիթ փոլերի արդյունքների վաղաժամկետ հրապարակման համար, ինքը մինչև քվեարկության ավարտը հրապարակել էր որոշ տեղամասերի նախնական արդյունքները։
6. Քվեարկության արդյունքների հաշվարկի վերահսկման գործում քաղաքացիների իրավունքների ոտնահարում
Ռուսաստանի Սահմանադրական դատարանը նշում է (Վճիռ, 22.04.2013 № 8-П), որ քաղաքացիները ժողովրդական ինքնիշխանության մասնակից են, հետևաբար հնարավորություն ունեն մասնակցել ընտրությունների և քվեարկությունների արդյունքների հաշվարկի վերահսկողությանը։
Քաղաքացիների այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվել է։ Քաղաքացիական դիտորդության հնարավորություն առհասարակ չկար։
Հասարակական պալատի ներկայացուցիչները, Դաշնային խորհրդի անդամների, Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի և ԿԸՀ անդամների հետ միասին մասնակցում էին դիտորդության համար դիմած խմբերի ապաորակավորման գործընթացին։ «Գոլոս» շարժումը հավատարմագրման չարժանացավ՝ հիմք ընդունելով կեղծ տեղեկատվական նյութեր։
Ամփոփելով կարելի է ասել, որ քվեարկության օրերը որոշիչ նշանակություն չունեին։ Ժողովրդի ազատ կամարտահայտումն անհնարին էր մինչև քվեարկությունը, հաշվի առնելով դրա հետ կապված կանոններն ու օրենքները, որոնց կանխամտածված ձևակերպվել էին փոփոխությունների նախագծի հեղինակների կողմից։
Այս նախադեպը չունեցող քվեարկությունը պատմության մեջ կմնա որպես ժողովրդի ինքնիշխանության վրա հարձակման օրինակ։
Արդյունքների համաձայն, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 77,92 տոկոսը, դեմ՝ 21,27 տոկոսը։ Մասնակցությունը 67,97% էր։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սա հաղթական արդյունք են համարում․ «Փաստացի, դե ֆակտո կայացավ նախագահ Պուտինի նկատմամբ վստահության հաղթական հանրաքվեն»։