Ղարաբաղի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մեծահարուստ Արայիկ Հարությունն առաջին անգամ ուղիղ եթերի միջոցով դիմել է բնակչությանը՝ հայտնելով կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին, որոնցից առանցքայինը ռազմահայրենասիրության նախարարության ստեղծումն է։ Նպատակն է՝ է՛լ ավելի խորացնել հայրենասիրությունը, չնայած նրան, որ արցախցիները «ծնված օրվանից են դաստիարակվում այդ ուղղությամբ»։
Հարությունյանը կարևորել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության ստեղծումը․ «Ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու է նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։
Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում ընդհանուր համերաշխությունը բացակայում է, եթե երկրում մեր գլխավոր մարտահրավերը ստորադասում ես․ դա արցախյան խնդիրն է, և այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիորթյունն է։
Իհարկե, արցախցիները ծնված օրից դաստիարակվում են այդ ուղղությամբ, բայց այն պետք է դառնա պետական քաղաքականության հիմք։ Նոր նախարարության նպատակն է լինելու ավելի զարգացնել ու խորացնել հայրենասիրությունը։
Այստեղ մեծ է լինելու․․․ ոչ միայն Արցախում քարոզել ռազմահայրենասիրություն, այլև Սփյուռքում, փորձել նաև Հայաստանի մեր հայրենակիցների հետ համապատասխան կապի ստեղծման կամ ինտեգրման արդյունքում ունենալ կուռ հայություն, որի գլխավոր նպատակն է լինելու առաջիկա տարիներին հայկական խնդիրը, իսկ հայկական խնդրի մեջ արցախյան խնդիրն, ինձ թվում է, այս փուլում գլխավորն է»։
Պատասխանելով ընդդիմախոսների քննադատությանը, նա կոչ է արել չվիրավորել «պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին»։ Օրերս, հիշեցնենք, Հարությունյանը իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Սամվել Բաբայանի հետ։
«Մի՛ փորձեք ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այլ այդ բառերն օգտագործողներն են ծախվողները։ Հանուն ազգի, հանուն ապագայի է ամեն ինչ կատարվում։ Պաշտոն չենք տալիս և չենք տալու ոչ մեկին, այլ մենք առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ», – մասնավորապես, ասել է օլիգարխը։