Home / Հայաստան / «Մի երդվի՛ր, չենք հավատում»․ օլիգարխը գլխավորեց Ղարաբաղը

«Մի երդվի՛ր, չենք հավատում»․ օլիգարխը գլխավորեց Ղարաբաղը

Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ էր գումարել Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում։ Խորհրդարանի նիստը նվիրված էր նորընտիր նախագահ, օլիգարխ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որին, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Ղարաբաղի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Ստանձնելով պաշտոնը՝ Հարությունյանը խոսում էր քաղաքացիների իրավունքների և ազատությունների երաշխավորման, ժողովրդին անմնացորդ ծառայելու, հայոց միացյալ հայրենիքի անվտանգության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի ազգային արժանապատվության, համազգային կամքի և զորության մասին, որն, ըստ ղարաբաղյան նոր նախագահի, կարող է «մեր գլխին կախված յաթաղանը դարձնել բահ, գրիչ ու խաչ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սուր»։

Նախկին վարչապետ և նորընտիր նախագահ Հարությունյանը երդում էր տալիս։ Դրսում մի խումբ մարդիկ բողոքի ցույց էին անում՝ «իշխանությունը զավթողների, հանցագործների, գանձագողների, ժողովրդին և բանակը թալանողների» դեմ։

«Մի երդվի՛ր, չենք հավատում», «կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մերժելու ենք», «олигарх, вон из власти!» (օլիգարխ, հեռու՛ իշխանությունից), «կոնսենսուս №4», «Արա, գնա արտդ արա», «Ոչ ռեժիմին», «no corruption» (ոչ կոռուպցիային) պաստառներով ցուցարարները շարքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, կանգնել էին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնին հարակից տարածքում։ Ոստիկանական նոսր պատնեշը շենքին մոտենալ թույլ չէր տալիս։ Ցուցարարները սուլում էին, պարբերաբար՝ բանակցում ոստիկանների հետ։

Մասնակիցները հիմնականում «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամներն ու համակիրներն էին, որոնք Ղարաբաղի ընտրությունների նախ- և հետընտրական ողջ ընթացքում, մինչև արտակարգ դրություն հայտարարելը, ցույցեր էին անում՝ բարձրաձայնելով նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի՝ բյուջեի (և պետական հիմնադրամների) թալանով զուգորդված վարչապետության (Հարությունյանը վարչապետի պաշտոնից հեռացել է հայաստանյան հեղափոխությունից հետո), նրա կուտակած ահռելի կարողությունների, այդ թվում՝ բազմահեկտար հողատարածքների, նախկին իշխանությունների հետ տնտեսական և քաղաքական սերտ կապերի և նախընտրական զանգվածային ընտրակաշառքների մասին։ Ցուցարարների կարծիքով՝ Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները նախկին ռեժիմի վերարտադրման և իշխանության զավթման հերթական հաջողված փորձ էին՝ կատարված հայաստանյան իշխանությունների թողտվությամբ։

«Եկել ենք ոչ ասելու ռեժիմի վերարդատրությանը, կեղծված ընտրություններին», – artsakh1.am հետ զրույցում ասել է այսօրվա պիկետի մասնակիցներից մեկը։

«Ընտրությունները կեղծել են, բոլորը դրա մասին գիտեն, բայց ցավոք սրտի՝ չեն կարողանում արտահայտվել։ Ժողովուրդը ճնշված է։ Այսօր մենք դուրս ենք եկել 19 հոգով, որպեսզի օրենքի սահմաններում անցկացնենք մեր ֆլեշմոբը։ Փաշինյանն այսօր այստեղ է․ ինքն ասել էր, որ կոռուպցիան վերացվելու է՝ թե Արցախում, թե Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի, այսօր մենք դա չենք տեսնում։ Առնված և ծախված ընտրություններ են եղել», – հավելել է մյուսը։

Քանի որ, ըստ ցուցարարների, ղարաբաղյան ոստիկանությունը իրենց նկատմամբ վարչական տույժեր սահմանելու առիթը մշտապես բաց չի թողնում, պիկետը կազմակերպվել էր պարետատան ցուցումներին համապատասխան․ ցուցարարները դիմակներով և ձեռնոցներով էին, պահպանում էին սոցիալական հեռավորությունն ու պարետատան՝ 20 հոգուց ավել հավաքվելու արգելքը: Բերման ենթարկվածներ այս անգամ չեղան։

Երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո ցուցարարները հեռացան։ Հայաստանյան և ղարաբաղյան պատոնյաներն էլ գնացին բանկետի (առանց սոցիալական հեռավորության, դիմակների, ձեռնոցների և քանակական սահմանափակումների)։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ղարաբաղում կայացած ընտրությունների ընթացքում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չէր կարողացել հաղթահարել 50+1 տոկոս շեմը։  Երկրորդ փուլը հայտարարվել էր ապրիլի 14-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ կոչ արեց իր համակիրներին բոյկոտել քվեարկությունը, փակեց նախընտրական շտաբները և դուրս եկավ ընտրական մրցավազքին։ Ապրիլի 14-ին նախագահի պաշտոնի համար, փաստացի, «պայքարում» էր միայն օլիգարխ Արայիկ Հարությունյանը։

Ընտրություններն անցան բազմաթիվ ընտրախախտումներով, որոնց մասին բարձրաձայնել են այդ թվում նաև Հայաստանից ժամանած դիտորդական առաքելությունները։ Քվեարկության արդյունքները վիճարկողներ, սակայն, չեղան։ Դիվանագիտական նկատառումներից ելնելով՝ «որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար» և «հաշվի առնելով անցկացված ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը», ընտրությունները բոյկոտած Մասիս Մայիլյանը քվերակության հաջորդ իսկ օրը ճանաչեց դրանց արդյունքները և հաջողություն մաղթեց նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նորընտիր նախագահի այսօրվա երդմնակալության արարողությանը նա նույնպես ներկա էր։

Հայաստանի իշխանությունները՝ անտեսելով նաև իրենց իսկ կողմից Ղարաբաղ գործուղված դիտորդական առաքելությունների գնահատականները, ոչ միայն ճանաչեցին քվեարկության արդյունքները, այլև բարձր գնահատեցին դրա ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղում «բարձր մակարդակի ընտրություններ են եղել», իսկ դիտորդական առաքելությունների կողմից արձանագրված ընտրախախտումները դրանց արդյունքների վրա չեն ազդել։

լուսանկարները՝ Ղարաբաղի Ազգային ժողովի, artsakh1.am լրատվական կայքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջերից