Home / Համայնքներ / Օլիգարխ նախագահը կորոնավիրուսից վտանգավոր է․ ցույց Ստեփանակերտում

Օլիգարխ նախագահը կորոնավիրուսից վտանգավոր է․ ցույց Ստեփանակերտում

Արցախի հեղափոխական կուսակցությունն այսօր հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտում՝ պահանջելով չեղյալ համարել Ղարաբաղում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքերը և կազմակերպել նոր ընտրություններ։ Ցուցարարները պահանջում էին նաև Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի, ոստիկանապետ Լևոն Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հրաժարականները։ Նրանց կարծիքով, Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրությունները «իշխանության զավթման չստացված փորձ էին», և քանի դեռ իշխանությունը մնում է Բակո Սահակյանի և նրա թիմակիցների ձեռքերում՝ հաջորդ ընտրությունները լինելու են նույնքան «խայտառակ», որքան նախորդները։

«Մեր պահանջները իշխանությանը՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել ոչ թե երկրորդ փուլ, այլ՝ կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սա անընդունելի ընտրություններ են։ Մեր բոլորիս ինքնասիրությունով փորձել են խաղալ և այս ընտրությունները հաղթել, բայց չեն հաղթել, չեն էլ հաղթելու։ Այս ընտրությունները պետք է չեղարկել։

Հաջորդ պայմանը՝ իշխանության հրաժարական։ Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը պետք է տան իրենց հրաժարականները։ Մեր շարժումը սկսվել է այս պայմանով։ Քանի որ իշխանությունը նրանք են, ովքեր կան, քանի որ Բակո Սահակյանը իրա թիմի հետ նստած է իշխանության գլխին, ակնհայտ է եղել, որ ընտրությունները այսպես էլ լինելու էին․ խախտումներն էլ են լինելու, հանցագործություններն էլ։ Սա եղել է իշխանության զավթման փորձ, որը չի ստացվել ու չի ստացվելու։

Ուրեմն՝ մեր երկրորդ պայմանը իշխանության հրաժարականն է․ քանի դեռ իրենք են նստած, նույն Բակո Սահակյանն է այնտեղ նստած, նույն Լևոն Մնացականյանն է այնտեղ նստած, նույն Արշավիր Ղարամայնն է այնտեղ նստած, նույնիսկ եթե երկրորդ փուլը տեսականորեն լինի, նույնն է լինելու, ինչ առաջինը՝ է՛լ ավելի խայտառակ վիճակով։ Ու սա անընդունելի է», – իր ելույթում հայտարարեց Արցախի հեղափոխական կուսակցության (ստեղծվել է 2019 թվականի դեկտեմբերին) նախագահ Արթուր Օսիպյանը։

Անդրադառնալով covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակին և մտահոգություններին՝ կապված վարակի հավանական տարածման հետ, Օսիպյանը նշեց՝ իշխանությունները պետք է արտակարգ դրություն հայտարարեին և չեղարկեին ընտրությունները։ Արտակարգ դրություն, սակայն, մինչ օրս չի հայտարարվել։ Համավարակի պայմաններում Ղարաբաղն առաջին համապետական ընտրություններից հետո այժմ պատրաստվում է երկրորդ համապետական ընտրություններին։

«Մենք հստակ մի քանի անգամ մեր դիրքորոշումը հայտնել ենք ու հիմա կրկնում ենք․ եթե կա համաճարակ, ուրեմն իշխանությունը պետք է արտակարգ դրություն մտցնի, ու մենք բոլորս ցրվենք։ Եթե արտակարգ դրությունը մտցրած չի, բայց մեզ ուզում են համոզել, որ մենք ցրվենք, հավաքներ չանենք, իրենք մի նպատակ են հետապնդում՝ որպեսզի կարողանան կեղծել, որպեսզի իրենց դեմ պայքար չլինի։

Ու եթե մենք հիմա այս հավաքները դադարեցնենք, մենք ունենալու ենք և՛ կորոնավիրուս, և՛ Արայիկ Հարությունյան», – հայտարարեց Օսիպյանը։

https://www.facebook.com/Artsakh1.am/videos/666115654214241/

Ցույցի մասնակիցները՝ մոտ 300 հոգի, փակել էին փողոցը։ Կազմակերպիչների խոսքերով՝ անհրաժեշտությունից ելնելով․ մարդիկ շատ էին, մայթերին տեղավորվել հնարավոր չէր։ Հավաքը վերահսկող 2 ոստիկանները պարբերաբար հորդորում էին նրանց դուրս գալ երթևեկելի մասից։ 

Հանրահավաքին ինչ-որ պահի «միացան» նաև սև ջիպով եկած տղամարդիկ, որոնք փորձում էին վեճ հրահրել։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ ժամանածները Ղարաբաղի նախագահի թենածու, օլիգարխ Արայիկ Հարությունյանի աջակիցներն էին։

Արթուր Օսիպյանը պարբերաբար կոչ էր անում ցուցարարներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությանը՝ կարգի հրավիրել «Արայիկ Հարությունյանի հրահանգով եկած» սադրիչներին և ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։

Արթուր Օսիպյան․ — Ոստիկանությունը չի եկել։ Դուք երկու ոստիկան եք ուղարկել, պարոն Մնացականյան։ Դուք սադրանքի եք դիմում։ Տե՛ս՝ ինչքան մարդ կա այստեղ հավաքված։

Փոխգտնդապետ Գագիկ Մնացականյան․ – Ուրեմն՝ թող ժողովուրդը չմտնի ճանապարհը։ Խի՞ չես հայտարարում, ասում՝ հարգելի ժողովուրդ, մենք իրավունք չունենք ճանապարհ փակելու․․․

Օսիպյան․ — Ուրեմն՝ սո՛ւս արա, ոստիկան։ Էսա մենք մեր իրավունքների մասին ասելու ենք։ Ու դու, ոստիկանություն, պետք է հարգես այս ժողովրդին, ոչ թե Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանին։ Դուք պետք է գաք այստեղ կարգը պահեք, այս ժողովրդի ծառան լինեք, այլ ոչ թե շեստյորկաների ծառան լինեք ու խայտառակեք ձեզ։ 

․․․ Ոստիկանությունը (ի դեմս Լևոն Մնացականյանի) բարոյական իրավունք չունի մեր ժողովրդի հետ օրենքից խոսի, որովհետև առաջին օրենք խախտողը ինքն է։ ․․․ Ինչո՞ւ են հանրահավաքին ընդամենը 2 ոստիկան ուղարկել, որպեսզի հետևից սադրիչներ գան։ 

Ոստիկանությունը, փաստացի, փողոցում ծավալվող վեճին չմիջամտեց։ Ցույցի կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ կոչ էին անում ցուցարարներին պարզել ձեռքերը («Մենք բաց ձեռքերով ենք»), ոչ մի դեպքում ուժի կիրառման չդիմել։ Բախումներ չեղան։ Սեւ մեքենայի վարորդն ու նրա ընկերների ինչ-որ պահի պարզապես հեռացան տարածքից։

Օսիպյանը՝ մեղադրելով ոստիկաններին անգործության մեջ, հայտարարեց, որ այսուհետ, ուրեմն, իրենք՝ ցուցարարներն են պահելու օրենքը․ «Ուրեմն, մե՛նք ենք վերահսկելու կարգը։ Այո՛, սրանք սաղ սենց հետ են գնալու, գնալու են, ոնց որ իրենց իշխանությունն է գնալու։ Իրենց հրահանգավորել են, որ գան այստեղ սադրանքների դիմեն։ Նրանք արդեն թողել գնացել են։ Հեսա իրենց քաղաքական պապաներն են հետևեներից սա՜ղ գնալու։

Ուրեմն, Գագո [դիմում է ոստիկանին], շնորհակալություն ենք հայտնում, որ ի վերջո ճանապարհը փակեցիք [թույլ տվեցիք ցուցարարնրին մնալ երթևեկելի մասում]։ Ձեր պատիվը դրա համար լինելու է բարձր։  Ձեր պատիվը բարձր պահելու համար կա մի տարբերակ՝ ծառայել ժողովրդին, այլ ոչ թե Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին ու Արշավիր Ղարամյանին։ 

Պետք է պաշտպանեք ձեր ժողովրդին, ոչ թե հանցագործներին։ Դուք՝ լինելով ռեժիմի զալոժնիկ, ցավոք սրտի, չեք կարողանում դա անել։ Այս ժողովուրդն այստեղ է, որպեսզի ձեզ օգնի, որ այդ ցավից ազատվեք, Բակոյի բեռից ազատվեք։

Ինչ վերաբերում է ճանապարհ փակելուն ու ազատ տեղաշարժին՝ Արցախում տարբեր պատճառներով ճանապարհ է փակվում․ Սերժը Երևանից գալիս է՝ ճանապարհ է փակվում․․․ «Ազատ Հայրենիքը» միտինգ է անում՝ ճանապարհ եք փակում։ Մի հատ համերգ է լինում՝ ճանապարհ եք փակում։ Հիմա մենք ձեզ հավաստիացնում ենք ու ամենայն պատասխանատվության հայտարարում ենք, որ այն նպատակները ու այն պատճառները, ինչի համար մենք այստեղ հավաքված ենք ու մեր շատ լինելու պատճառով այս ճանապարհը փակվել է, շատ ավելի կարևոր են, քան այն, ինչի համար Արցախում երբևէ ճանապարհ է փակվել։

Սա կարևորագույն հարցն է։ Սա, Գագո, նաև քո երեխաների համար ենք ճանապարհ փակում։ Ու բոլորիս համար։ Էս ճանապարհ փակելը մեր աչքը չկոխեք»։

Հիշեցնենք, որ Ղարաբաղուն մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, նոր գումարման Ազգային ժողով անցան 5 քաղաքական ուժեր․ նախկին վարչապետ, օլիգարխ Արայիկ Հարությունյանի ղեկավարծ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, 2018 թվականին ստեղծված Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և գործող ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»։ 

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Ղարաբաղի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հաղթահարել 50 տոկոս+1 շեմը։ Հայտարարվեց, որ ապրիլի 14-ին Ղարաբաղում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։

Վերջինս այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով ղարաբցիներին ապրիլի 14-ին չգնալ ընտրատեղամասեր։ Ընտրությունները բոյկոտելու կոչը նա հիմնավորեց կորոնավիրուսի տարածման վտանգով և մարտի 31-ին կայացած ընտրությունների՝ «նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից» շատ հեռու լինելով։

Եթե Ղարաբաղում արտակարգ դրություն չմտցվի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգվի կամ չչեղարկվի, նախագահի պաշտոնի համար, փաստացի, «պայքարելու» է միայն օլիգարխ Արայիկ Հարությունյանը։ Նրա միակ հակառակորդը՝ Մասիս Մայլյանը, նախընտրեց ընտրությունները «բոյկոտել»։

Նշենք նաև, որ մարտի 31-ին կայացած ընտրություններին օտարերկրյա դիտորդներ և արտասահմանցի լրագրողներ չեն եղել՝ պայմանավորված կորոնավիրուսային համաշխարհային պանդեմիայով և Ղարաբաղի իրավական կարգավիճակով։ Ընտրությունները դիտարկած հայաստանցի դիտորդները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, հայտարարել վերահսկվող քվեարկությունների, կրկնակի քվեարկությունների և «կառուսելների» մասին։ Դիտորդական առաքելությունների գնահատականները  անտեսելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները գնահատել է որպես «բարձր որակի ընտրություններ»։