Ղարաբաղում այսօր արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունները, սակայն, չեն չեղարկվել․ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը վստահ է, որ հանրապետության ամենազանգվածային միջոցառման համաճարակաբանական վտանգները կարելի է չեզոքացնել «ժողովրդի իմաստությամբ», «կարգապահությամբ» և սանիտարահիգիենիկ միջոցներով։ Ապրիլի 14-ի ընտրությունները կկայանան, ասում է Սահակյանը։ Իսկ զանգվածային այլ միջոցառումները (օրինակ՝ հետընտրական բողոքի ցույցերը), հավանաբար, կարգելվեն։
Վերջին օրերին Ղարաբաղում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 5 հաստատված դեպք։ Առաջին դեպքը գրանցվել է Միրիկ գյուղում՝ Արարատի մարզից մարտի 31-ի ընտրությունների նախօրեին վերադարձած և ապրիլի 2-ին թոքաբորբի ախտանշաններով հոսպիատալացված կնոջ մոտ։ Հետագայում վարակի առկայությունը հաստատվել է նրա ընտանիքի անդամներից ևս երկուսի մոտ, որոնցից մեկը ընտրություններին մասնակցել է հարևան Մոշաթաղում։ Միրիկն ու Մոշաթաղը «ամբողջությամբ ինքնամեկուսացվել են»։ Ինքնամեկուսացվել է նաև հարևան Ծիծեռնավանք համայնքը, որի բնակիչների հետ վարակակիրները շփումներ են ունեցել։
Եվս մեկ դեպք արձանագրվել է Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ․ նրա կոնտակտավորները՝ 4 ոստիկան և 14 պահեստի աշխատակից, նույնպես ինքնամեկուսացվել են։
Ավելի ուշ վարակի դեպք է արձանագրվել նաև Քարվաճառում՝ երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ։ Նրա հետ սերտ շփում ունեցածները (ինքնա)մեկուսացված են, նրանցից 9-ից փորձանմուշներ է վերցվել։
Վարակի իրական տարածվածության պատկերը, սակայն, մնում է անորոշ. առաջին դեպքը հաստավել է ապրիլի 7-ին, ապրիլի 8-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում թեստավորվել է ընդամենը 25 քաղաքացի, հաստատվել է ևս 4 դեպք, որոնցից երկուսը՝ Միրիկի հետո որևէ կապ չունեցող օջախներում։
Եթե Ղարաբաղում կան վարակի այլ՝ դեռևս չբացահայտված օջախներ, ընտրությունները շեշտակի ավելացնում են դրա ինտենսիվ տարածման հավանականությունը։
Որքանո՞վ է ղարաբաղյան առողջապահական համակարգը պատրաստ նման զարգացումներին՝ կարելի է կռահել։ Ղարաբաղում լաբորատոր հետազոտություններ անելու կարողություններ, օրինակ, չկան․ կորոնավիրուսի փորձանմուշներն ուղարկվում են Հայաստան, թեստերն արվում են Երևանի լաբորատորիաներում։ Սուր սիմպտոմներով վարակվածները ևս տեղափոխվում են Հայաստան (Ղարաբաղում արձանագրված դեպքերից առնվազն երկուսը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում)։ Ասիմպտոմ կոնտակտավորներին պետությունը չի մեկուսացնում (Ղարաբաղի Առողջապահության նախարարությունից փորձել էինք ճշտել՝ մեկուսացումների համար առանձնացված տարածքներ՝ հյուրանոցներ, հանգստյան տներ և այլն, Ղարաբաղում առհասարակ կա՞ն։ Պատասխանը անորոշ էր։ Ըստ ամենայնի՝ չկան։ Սիմպտոմների առկայության դեպքում կոնտակտավորներին ժամանակավորապես մեկուսացնում են բուժհաստատություններում, մնացածն «ինքնամեկուսացված են իրենց առանձնատներում»)։
Պարզ չէ նաև՝ ինչպե՞ս և որտե՞ղ են քվեարկելու (ինքնա)մեկուսացված տասնյակ քաղաքացիները։
Ղարաբաղյան իշխանությունները ընտրությունները չեղարկելու մտադրություն, սակայն, չունեն։ Արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Սահմանվել է, որ պարետի որոշմամբ կարող է սահմանափակվել տեղաշարժը, հավաքները և գործադուլները կարող են ամբողջությամբ արգելվել։ Իսկ ընտրությունները՝ ոչ։ Ընտրությունները, այնուամենայնիվ, կայանալու են։ Առողջապահության նախարարը լռում է․ ոչ մի խոսք գալիք ընտրությունների համաճարակաբանական վտանգների մասին։ Լռում են նաև հայաստանյան պաշտոնյաները։
Ապրիլի 11-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ կրկին դուրս էին եկել փողոց՝ պահանջելու անհապաղ արտակարգ դրություն հայտարարել և չեղարկել գալիք ընտրությունները։
Բակո Սահակյանը, նրանց կարծիքով, իր հովանավորյալների և սեփական քաղաքական շահերն առաջ տանելու համար պատրաստ է օգտվել նույնիսկ համաճարակից։ Նախկին վարչապետ և գործող օլիգարխ Արայիկ Հարությունյանի համար ստեղծված իրավիճակն ավելի քան բարենպաստ է․ գալիք նախագահական ընտրություններում նրա միակ հակառակորդը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, կոչ է արել բոյկոտել քվեարկությունը, ղարաբաղյան օրենսդրությունը ներկայացվածության որևէ շեմ չի սահմանում, եթե բնակչության մեծ մասը նույնիսկ խուսափի ընտրատեղամասեր ներկայանալուց՝ ընտրությունները, միևնույնն է, կհամարվեն կայացած։ Դրանց անցակացումից անմիջապես հետո [պարզվեց՝ նույնիսկ անմիջապես առաջ] իշխանությունները կհիշեն նաև համաճարակի մասին և վերջապես կհայտարարեն արտակարգ դրություն՝ արգելելու համար հետընտրական բողոքի դրսևորումները։
«Մենք դեռ մինչև ամսի 31-ը պահաջում էինք, որ արտակարգ դրություն մտցնեն ու ընտրությունները հետաձգեն։ Իշխանությունները չլսեցին։ Ընտրությունների պատճառով Արցախում արդեն կորոնավիրուս կա։ Միրիկ գյուղում [որտեղ գրանցվել է վարակի առաջին հաստատված դեպքը] ռեալ ապրում է 17 բնակիչ։ Ընտրությունների ժամանակ այնտեղ քվեարկել է մոտ 80 մարդ։ Այդ մարդիկ գրանցված են Միրիկում, բայց փաստացի ապրում են Արցախի տարբեր շրջաններում կամ Հայաստանի այլ մարզերում։ Ընտրությունների ժամանակ ներկայացել են, իրենց հետ բերել են վարակը։ Լաչինի մի քանի գյուղ այժմ փակված է», – իր ելույթում ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Օսիպյանը ևս մեկ անգամ կոչ արեց նախագահ Սահակյանին չկրկնել նույն սխալները և հերթական մեղքն իր վրա չվերցնել։ Դիմեց նաև Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանին՝ «բարի» նախազգուշացումով, որ ապագայի պատասխանատվության բեռը Բակո Սահակյանը, հավանաբար, փորձելու է բարդել հե՛նց ոլորտի պատասխանատուի ուսերին։ Վերջինս, իսկապես, մինչ օրս իրավիճակին համահունչ որևէ հայտարարություն չի արել։ Նախարարի լռությունը, ընդդիմադիրի կարծիքով, բացատրելի է․ «Մենք գիտենք, ինչպիսի երկրում ենք ապրում։ Մեր նախարարները առանց Բակոյի հրամանի ոչ մի բան չեն կարողանում անել»։
Հանրային անվտագությունը սեփական ֆինանսական և քաղաքական շահերին ստորադասող իշխանությունը Ղարաբաղի համար նորություն չէ, ասում է Օսիպյանը։ Բայց ընտրությունների հետևանքները անդրադառնալու են ոչ միայն Ղարաբաղի, այլև «Հայաստանի մյուս հատվածի» վրա։
Առնվազն՝ որովհետև ընտրություններին մասնակցելու են նաև զինվորականները, ինչը բազմապատկելու է վարակի՝ զինված ուժերի շարքեր ներթափանցելու հավանականությունը։ Ընդդիմադիրի կարծիքով՝ սա նաև ազգային անվտանգության հարց է, ուստի՝ այն տեղին է ուղղել Հայաստանի իշխանություններին ևս։
«Պարոն Փաշինյան, մենք շատ լավ գիտենք, որ այս այսպես կոչված իշխանությունները պատրաստ են նույնիսկ ժողովրդի առողջությունը զոհաբերել իրենց քաղաքական նպատակներին։ Սա մեր համար զարմանալի չէ։ Բայց Հայաստանի իշխանությունների կողմից մենք նման բան չենք սպասում։ ․․․Սա շատ լուրջ է, պարոն Փաշինյան, և սա ազգային անվտանգության հարց է, իսկ Արցախի ազգային անվտանգության երաշխավորումը դուք վերցրել եք ձեր վրա, ինչն ընդունում է նաև Արցախի ժողովուրդը։
․․․Այս պահին մենք ձեզնից սպասում ենք հստակ և կոնկրետ քայլեր։ ․․․Մենք շատ լավ գիտենք՝ ինչու են Արցախի իշխանությունները նույնիսկ այս համաճարակի պայմաններում ուզում գնալ այդ քայլին։ Արայիկ Հարությունյանը լավ գիտի, որ այդ 50 հազարների, որ բաժանել է, մարդիկ իրեն վեց ամիս հետո չեն հիշելու։ Սա՛ է։ ․․․Եթե ընտրություններն ընկնեն մի ամիս կամ երկու ամիս հետո, չգիտենք նույնիսկ՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո երբ է այն հանվելու, այդ գումարները պետք է լինելու նորից բաժանել։ Մեր իշխանության համար այստեղ հարցի մի կողմը ժողովրդի անվտանգությունն է ու առողջությունը, մյուս կողմը՝ իրենց գումարներն է։ Ու զարմանալի չէ, որ փողի իշխանությունը կայացրել է այն որոշումը, որն իր հագով է։ Ինքն այդ փողը գերադասել է նույնիսկ իր ժողովրդի անվտանգությունը», – ասաց Օսիպյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղում հեղափոխություն չի եղել, բայց հակահեղափոխություն էլ չի եղել, Օսիպյանը նշեց՝ հակահեղափոխական թեմաները Ղարաբաղում մտցվել են հենց Հայաստանի իշխանությունների կողմից․ «Իբր Արցախում հակահեղափոխություն է պատրաստվում։ Տո ո՞վ պետք է աներ այդ հակահեղափոխությունը։ Մի քանի վախեցած գեներալներ կան։ Տո դրանցից ի՞նչ հակահեղափոխություն անել, կամ դրանք ի՞նչ պատիվ ունեն, ժողովրդի մեջ ի՞նչ վստահություն են վայելում, որպեսզի կարողանային հակահեղափոխություն անել։ Ու եթե այդ թեման չլիներ, եթե Արայիկ Հարությունյանի կաշառակերության վրա աչք չփակեին, այդ հակահեղափոխական թեկնածուն նույնիսկ իրա 14 տոկոսը չէր կարողանա հավաքել։
․․․Բայց այս մեղքը, որ Արցախի իշխանությունը վերցնում է իր վրա, սենց թե նենց՝ ուղիղ թե միջնորդավորված, ձեզ էլ է վերաբերելու, որ վախտին Նիկոլ Փաշինյանը իրենից կախվածը չի արել, որ Արցախում արտակարգ դրություն մտցնեն և կարողանան այդ համաճարակի դեմը առնեն։ Այս թեման իրենք վերցնելու են և սկսելու են ձեր դեմ աշխատել, ու այդ վախտ, ցավոք սրտի, դուք Արցախում կորցնելու եք ձեր ռեալ իշխանությունը։ Դուք իշխանության եք եկել ժողովրդի միջոցով, ձեր իշխանության հիմքը ժողովուրդն է, ու եթե դուք այստեղ պաշտպանում եք Արայիկ Հարությունյանին կամ աչք եք փակում Արայիկ Հարությունյանի ապօրինությունների վրա, աչք եք փակում Արայիկ Հարությունյանի կողմից իշխանության զավթման վրա, այս մարդիկ ուրեմն այդ մեղքը գցելու են նաև ձեր վրա։ Այն մարդկանց մոտ, ում հարգանքը դուք այստեղ վայելում եք, այդ հարգանքը կորելու է։․․․
Ասում եք՝ Արցախում չի եղել հեղափոխություն, չի էլ եղել հակահեղափոխություն։ Բայց ինչի՞ չի եղել հեղափոխություն։ Ինչի՞ Արցախում հեղափոխություն չի եղել։ Եթե Թավշյա հեղափոխությունը համահայկական է, մենք այդպես ենք այդ հեղափոխությունը ընդունել, ու եթե Արցախում այդ հեղափոխությունը չկա, ուրեմն Թավշյա հեղափոխությունը համահայկական չէ․ Հայաստանի մի հատվածում հեղափոխություն է եղել, այն մյուս հատվածին դա չի վերաբերում։ Ու այստեղ լինելու է մեծ հիասթափություն նաև Թավշյա հեղափոխության նկատմամբ։ Արցախի ժողովուրդի այդ միակ հույսը, որ Հայաստանում հեղափոխություն է եղել և այդ հեղափոխության արձագանքը պետք է լինի նաև Արցախում, մարդիկ այստեղ էլ իրենց պետք է սկսեն նորմալ զգալ ու արժանապատիվ ապրել, այդ հույս կտվելու է»։
Օսիպյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ղարաբաղում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին․ Ղարաբաղի նախագահի թեկնածուներից ոչ մեկն այն ժամանակ չէր կարողացել հաղթահարել 50 տոկոս+1 շեմը, հայտարարվել էր երկրորդ փուլ։ Գալիք ընտրություններին, ըստ նախատեսվածի, նախագահի պաշտոնի համար պետք է պայքարեին առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։
Վերջինս, սակայն, նախընտրեց ընտրությունները բոյկոտել։ Ապրիլի 14-ին նախագահի պաշտոնի համար, փաստացի, «պայքարելու» է միայն օլիգարխ Արայիկ Հարությունյանը։ Վերջինիս նախընտրական կաշառքների, նրա աջակիցների ընտրակեղծիքների, և առհասարակ՝ մարտի 31-ին կայացած ընտրությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։