Ղարաբաղում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք․ թեստավորված 3 քաղաքացիներից 2-ի թեստի արդյունքները եղել են դրական։ Վարակվածների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 3-ի։
Առաջին հաստատված դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին՝ Ղարաբաղի Միրիկ համայնքում։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, վարակակված կինը մարտի 31-ի ընտրությունների նախօրեին Ղարաբաղ էր ժամանել Արարատի մարզից։ Ընտրություններին մասնակցել էր Միրիկում։ Օրեր անց՝ ապրիլի 2-ին, հոսպիտալացվել էր և, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկուսացվել։ Նրան տեղափոխել են Հայաստան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ապրիլի 9-ին հաստատված 2 դեպքերից մեկը փոխկապակցված է ապրիլի 7-ի դեպքի հետ․ վարակվածը Միրիկցի կնոջ հարսն է, որն ընտրություններին մասնակցել է Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում՝ ըստ հաշվառման վայրի։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Միրիկ և Մոշաթաղ գյուղերի բնակիչները «ինքնամեկուսացված են իրենց առանձնատներում»։
Այսօր հաստատված դեպքերից մյուսը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունից Ղարաբաղ ժամանած ՀՀ քաղաքացու մոտ, ով, պաշտոնական հաղորդագրության համաձայն, «եկել էր ռիսկային բնակավայրից» և «մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ»։ Առաջիկայում նա ևս կտեղափոխվի Հայաստան։