Ղարաբաղի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօր ստացվել են նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքները։ Դրանցից մեկը դրական է, մյուսը՝ բացասական:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ դրական ախտորոշմամբ քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Ղարաբաղ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխվել էր նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Ղարաբաղ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում` ապա, նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել», ֊ ասված է Ղարաբաղի առղոջապահության նախարարության հաղորդագրության մեջ: