Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախարար Բադասյանը նշել է, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանն ու դիակի մեջ վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն, ինչը հերձման ընթացքում կարող է հանգեցնել վարակի տարածման անդառնալի հետևանքների։
«Անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրակնացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է նախարարը:
Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։