Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն, ավելացնելով, որ վերջիններս նոր դեպքեր չեն, այլ ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ:
Այս շաբաթվա ընթացքում տներում ինքնամեկուսացված են նաև «Մեծամոր» բժշկական կենտրոնի 9 աշխատակիցներ: Նրանք մարտի 23-ին առնչվել են պայմանագրային զինծառայողներից մեկի հետ, ում մոտ, պաշտպանության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Ավելի վաղ՝ մարտի 19-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր ինֆեկցիոն հիվանդանոցում իր մասնագիտական առաքելությունն իրականացնող բուժքրոջ մոտ Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված առաջին դեպքի մասին: