«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր գիշերը կորոնավիրուսից մահվան երկու դեպք է արձանագրվել. 55-ամյա կինն ու 73-ամյա տղամարդը covid-19-ից բացի ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդույթուններ: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց հարազատներին», – ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է Թորոսյանը։
Պացիենտները մի քանի օր է, ինչ գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության սարքի տակ։
Մինչ այս Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել․ 72-ամյա կինը մահացել էր մարտի 26-ին։
Մարտի 28-ի երեկոյան 21։00-ի դրությամբ Հայաստանում գրանվել է կորոնավիրուսով վարակվածության 407 դեպք (35 նոր դեպք՝ վերջին մեկ օրում)։ Վարակվածներից 11-ը թոքաբորբ ունեն: Այժմ նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Պացիենտներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր (հարաբերական կայուն), մնացած 9-ինը՝ կայուն ծանր։ Վարակվածներից 30-ն արդեն առողջացել է։