Սկզբից մտածում էի, որ որպես վիրուսային պանդեմիա բնութագրվող ներկա իրավիճակը առանձնակի բացառիկ չէ։
ՄԻԱՎ-ի (վիրուսային) համաճարակից մինչև թռչնի գրիպը, Էբոլա վիրուսն ու SARS 1 վիրուսը, էլ չասած՝ որոշ գրիպները, հակաբիոտիկներով չբուժվող թոքախտի շտամները, անգամ կարմրուկի վերադարձը, մենք գիտենք, որ համաշխարհային շուկան՝ բժշկականացումից դուրս հսկայական զոնաների հետ միասին, և համաշխարհային կարգապահության պակասը, երբ բանը հասնում է անհրաժեշտ պատվաստումներին, անխուսափելիորեն արտադրում են լուրջ և ավերիչ համաճարակներ (ՄԻԱՎ-ի դեպքում՝ մի քանի միլիոն զոհերով)։ Բացի այն, որ ներկայիս պանդեմիկ դրությունը մեծ ազդեցություն է ունենում հարմարավետության մեջ գտնվող Արևմտյան աշխարհ կոչեցյալի վրա – փաստ, որն ինքնին զուրկ է որևէ նոր նշանակալիությունից և միայն կասկածելի սուգ ու գարշելի ապուշություն է հարուցում սոցիալական ցանցերում – ես չէի հասկանում՝ բացի պաշտպանության ակնհայտ միջոցներից և ժամանակից, որը վիրուսից կպահանջվի նոր զոհերի բացակայության պայմաններում վերանալու համար, ինչու էր անհրաժեշտ հեծնել այս հսկայական ձին։
Ավելին, ընթացիկ համաճարակի իրական անվանումը պետք է տաներ մտքի, որ որոշ իմաստով «այս արևի տակ ոչինչ նոր չէ»։ Իրական անվանումը՝ SARS 2, «Սուր ծանր շնչառական համախտանիշ 2», ինքնին մատնանշում է 2003-ի գարնանը տարածված SARS 1 համաճարակի կրկնությունը։ Ժամանակին այն անվանվել էր «21-րդ դարի առաջին անհայտ հիվանդությունը»։ Պարզ է, որ ներկայիս համաճարակը ինչ որ արմատապես նոր կամ աննախադեպ երևույթ չէ։ Այն երկրորդն է այս հարյուրամյակում և կարող է առաջինի ժառանգը համարվել այնքան, որ ներկայիս իշխանություններին հասցեագրված ամենալուրջ քննադատությունը՝ կանխատեսումների հետ կապված, այն է, որ SARS 1-ից հետո չեն ֆինանսավորվել հետազոտությունները, որոնք բժշկական աշխարհին իրական գործիքներ կտրամադրեին SARS 2-ի դեմ պայքարի համար։ Սա, բացի այդ, ծանր քննադատություն է, որ մատնում է պետության անկարողությունը գիտության հետ իր հարաբերության մեջ. էական հարաբերություն ներկա դրությունում: Բայց դե սա անցած է:
Ուստի, ես չէի կարծում, որ կա անելու այլ բան, քան բոլորի պես տանը մեկուսանալը, և ասելու այլ բան, քան ուրիշներին նույնը խրախուսելը։ Այս հարցում խիստ կարգապահությանը հետևելը հատկապես անհրաժեշտ է, քանի որ այդպիսով կարելի է աջակցություն և հիմնարար պաշտպանություն ապահովել խոցելի խմբի համար․ դա, իհարկե, բժշկական անձնակազմն է, որն ուղիղ առաջնագծում է և որը պետք է կարողանա հույսը դնել կոշտ կարգապահության պահպանման վրա, այդ թվում՝ արդեն վարակվածների կողմից; տարեցները, հատկապես՝ խնամքի տներում գտնվող, ու բոլոր նրանք, ովքեր ստիպված են աշխատանքի գնալ ու վարակվելու վտանգի ենթարկվել։ «Տանը մնալու» հրամայականին ենթարկվելու հնարավորություն ունեցողների կարգապահությունը պետք է միջոցներ գտնի ու առաջարկի նրանց, ովքեր հազիվ թե «տուն» ունեն կամ առհասարակ չունեն, որպեսզի վերջիններս ևս ապահով ապաստան գտնեն։ Դրա համար կարելի է օգտագործել դատարկված հյուրանոցները։
Ճիշտ է, որ այս պարտականությունները գնալով ավելի անհետաձգելի են դառնում, բայց գոնե առաջին հայացքից, դրանք մեծ վերլուծական ջանքեր կամ նոր մտածելակերպի կերտում չեն պահանջում։
Բայց ես չափազանց շատ բաներ եմ կարդում ու լսում, նաև իմ անմիջական շրջակայքում, որոնք ինձ անհանգստացնում են իրենց դրսևորած խառնաշփոթությամբ ու բացարձակ անհամապատասխանությամբ ի վերջո պարզ իրավիճակին, որում գտնվում ենք։
Այս անառարկելի հայտարարությունները, սրտաճմլիկ կոչերն ու ազդեցիկ մեղադրանքները տարբեր ձևեր են ստանում, բայց բոլորը կիսում են ներկայիս համաճարակային իրադրության ակնհայտ պարզության ու որևէ նորության բացակայության նկատմամբ զարմանալի արհամարհանքը։ Ոմանք անհարկի շողոքորթում են իշխանություններին, որոնք փաստացի պարզապես անում են այն, ինչ ստիպում է այս երևույթի բնույթը։ Ուրիշները վկայակոչում են մոլորակն ու դրա միստիկան, ինչը ոչ մի օգուտ չի տալիս։ Որոշներն ամեն ինչում մեղադրում են խեղճ Մակրոնին, ով ընդհամենը, որպես երկրի ղեկավար պատերազմի կամ համաճարակի ժամանակ, իր գործն է անում, և ոչ ավելի վատ, քան ուրիշները։ Մյուսներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում, որ գտել են հիմքը նախադեպը չունեցող հեղափոխության համար․ այդ հեղափոխության և վիրուսի ոչնչացման կապը, սակայն, մութ է մնում, մեր «հեղափոխականները» դրա համար նոր միջոցներ չունեն։ Ոմանք ընկղմվում են ապոկալիպտիկ վատատեսության մեջ։ Ուրիշները հիասթափված են, որ «առաջին հերթին ես»-ը՝ ժամանակակից գաղափարախոսության ոսկե կանոնը, այս դեպքում զուրկ է հետաքրքրությունից, ոչ մի կերպ չի օգնում և նույնիսկ կարող է ներկայանալ որպես չարիքի անորոշ երկարաձգման մեղսակից։
Թվում է, թե համաճարակի մարտահրավերն ամենուրեք տարալուծում է Բանականությանը ներհատուկ գործողությունները՝ ենթականերին ստիպելով վերադառնալ դրա բացակայությանը բնորոշ տխուր հետևանքներին՝ խորհրդամոլությանը, կեղծիքին, աղոթքին, մարգարեությանն ու նզովքներին, որոնք սովորական էին Միջնադարում՝ ժանտախտի համաճարակի ժամանակ։
Արդյունքում, ես ինձ ինչ որ չափով պարտավորված եմ զգում որոշ պարզ գաղափարներ համախմբել։ Ես դրանք ուրախությամբ կանվանեի Կարտեզյան։
Եկեք սկսենք խնդրի ձևակերպումից, որն ամեն տեղ թշվառ է ձևակերպվել և հետևաբար՝ թշվառ լուծում ստացել։
Համաճարակը բարդ է ներկայացվում, քանի որ փաստացի այն միշտ բնական և հասարակական կարգաբերումների հատումն է։ Դրա ամբողջական վերլուծությունը շեղակի է․ պետք է կառչել այդ երկու կարգաբերումների հատման կետերից ու փորձել եզրակացնել հետևանքները։
Օրինակ, ներկայիս համաճարակի սկզբնական հենակետը, հավանաբար, Վուհան քաղաքի շուկաներում է։ Չինական շուկաները հայտնի են իրենց վախենալու կեղտոտությամբ ու իրար վրա լցված բոլոր տեսակի ողջ կենդանիների բացօդյա վաճառքի անզսպելի ճաշակով։ Այդտեղից էլ գալիս է փաստը, որ մի պահ վիրուսը ներկայացավ չղջիկներից ժառանգված կենդանի ձևով՝ մարդկանցով խիտ բնակեցված տեղում, հիգիենայի տարրական կանոնների բացակայության պայմաններում։
Վիրուսը բնական հետագծով մի տեսակից անցնում է մյուսին՝ այդպիսով հասնելով մարդկանց։ Կոնկրետ ինչպե՞ս։ Դեռ չգիտենք։ Գիտական ուսումնասիրությունները կասեն։ Եվ եկեք այստեղ անարգենք բոլոր նրանց, ովքեր համացանցում կեղծ պատկերներով «հաստատաված» տիպիկ ռասիստական առասպելներ էին շրջանառում, համաձայն որոնց ամեն ինչ գալիս է նրանից, որ չինացիները չղջիկներին ուտում են գրեթե ողջ վիճակում․․․
Տեսակների միջև վիրուսի այսպիսի լոկալ տեղաշարժը, որն ի վերջո մարդկանց է հասնում, ամբողջ պատմության սկզբնակետն է։ Այնուհետև պարզապես գործարկվում է ժամանակակից աշխարհի հիմնարար իրողությունը․ չինական պետական կապիտալիզմի բարձրացումը կայսերական մակարդակի, այլ կերպ ասած՝ Չինաստանի ինտենսիվ և համընդհանուր ներկայությունը համաշխարհային շուկայում։ Այդտեղից էլ դիֆուզիայի անթիվ ցանցեր են գործարկվել նախքան չինական կառավարությունը կարողացավ ամբողջությամբ մեկուսացնել սկզբնակետը՝ 40 մլն բնակչությամբ մի ամբողջ նահանգ, ինչում նա, իհարկե, հաջողեց, բայց չափազանց ուշ, որպեսզի կարողանար կանխել համաճարակի համաշխարհային տարածումը նավերով ու ինքնաթիռներով։
Դիտարկենք մի խոսուն դետալ այն բանի, ինչ ես համաճարակի կրկնակի արտիկուլյացիա եմ անվանում․ այսօր SARS 2-ը Վուհանում բավականին զսպվել է, մինչդեռ Շանհայում բազմաթիվ դեպքեր կան, որոնք պայմանավորված են արտասահմանից վերադարձող, հիմնականում ազգությամբ չինացիների հետ։
Այդպիսով, Չինաստանն այն տեղն է, որտեղ կարելի է դիտարկել կապը – սկզբում՝ արխաիկ, հետո՝ ժամանակակից – մի կողմից՝ բնության ու հասարակության միջև (հին ավանդույթներին հետևող բարձիթողի շուկաներում), և մյուս կողմից՝ պլանետար դիֆուզիայի հետ՝ այդ ծագման կետի, որը ծնվել է կապիտալիստական համաշխարհային շուկայից և դրա հենումից արագ և անդադար շարժականության վրա։
Այնուհետև մենք մտնում ենք մի փուլ, որում պետությունները տեղային մակարդակում փորձում են զսպել այս դիֆուզիան։ Եկեք հպանցիկ նշենք, որ այս կարգաբերումները մնում են ամբողջությամբ լոկալ, մինչդեռ համաճարակը լայնակի է։ Չնայած որոշ անդրազգային իշխանությունների գոյությանը, հստակ է, որ առաջնագծում հենց լոկալ բուրժուական պետություններն են։
Այստեղ մենք բախվում ենք ժամանակակից աշխարհի հիմնական հակասությանը։ Տնտեսությունը, այդ թվում՝ զանգվածային ապրանքարտադրության գործընթացը, գտնվում է համաշխարհային շուկայի հովանու ներքո․ մենք գիտենք, որ անգամ սովորական բջջային հեռախոս հավաքելու համար մոբիլիզացվում է առնվազն յոթ երկրների աշխատանք և ռեսուրսներ, այդ թվում՝ հանքային։ Միևնույն է՝ քաղաքական ուժերը մնում են, ըստ էության, բնույթով ազգային։
Իսկ կայսերականությունների միջև մրցակցությունը՝ հին (Եվրոպա և ԱՄՆ) և նոր (Չինաստան, Ճապոնիա․․․), բացառում է կապիտալիստական համաշխարհային պետությանը տանող ցանկացած գործընթաց։
Համաճարակը նաև պահ է, որտեղ տնտեսության և քաղաքականության միջև հակասությունն ակնառու է դառնում։
Անգամ եվրոպական երկրներին չի հաջողվում իրենց քաղաքականություններն արագորեն հարմարեցնել վիրուսի պայմաններին։
Այս հակասությունը հաշվի առնելով, ազգային պետությունները փորձում են համաճարակային իրավիճակին դիմադրել հնարավորինս հարգելով Կապիտալի մեխանիզմները, թեև վտանգի բնույթը ստիպում է նրանց փոխակերպել իշխանության գործողություններն ու ոճը։
Մենք վաղուց գիտենք, որ պատերազմի պարագայում պետությունը պետք է շոշափելի սահմանափակումների տակ դնի ոչ միայն ժողովրդական զանգվածներին, ինչը սպասելի է, այլև հենց իրեն՝ բուրժուազիային․ և այս ամենը՝ հանուն լոկալ կապիտալիզմի փրկության։
Արդյունաբերության որոշ տեսակներ գրեթե պետականացված են ի շահ սպառազինության անսանձ արտադրության, որն անմիջապե՛ս չի ստեղծում որևէ տեսակի դրամայնացող հավելյալ արժեք։ Շատ բուրժուաներ մոբիլիզացված են որպես սպաներ և դատապարտված մահվան։ Գիտնականներն օրուգիշեր աշխատում են նոր զենքեր հայտնագործելու ուղղությամբ։ Մեծաթիվ մտավորականներ և արվեստագետներ հարկադրված են ազգային պրոպագանդա մատակարարել և այլն։
Համաճարակին առճակատվելիս նման էտատիստական ռեֆլեքսն անխուսափելի է։ Ուստի, հակառակ որոշների ասածների, Մակրոնի ու վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հայտարարությունները՝ «համընդհանուր բարեկեցության» պետության վերադարձի, ծախսերի՝ ուղղված գործազուրկների աջակցությանը կամ խանութները փակած ինքնազբաղվածներին օգնությանը, ինչը 100 կամ 200 միլիարդ կպահանջի պետական գանձարանից, և անգամ «պետականացումների» մասին, զարմանալի կամ պարադոքսալ չեն։ Հետևում է՝ Մակրոնի փոխաբերությունը՝ «մենք պատերազմի մեջ ենք», ճիշտ է․ պատերազմի կամ համաճարակի ժամանակ պետությունը հարկադրված է՝ երբեմն խախտելով իր դասակարգային բնույթի նորմալ ընթացքը, կիրառել պրակտիկաներ, որոնք միաժամանակ ավելի ավտորիտար են և ավելի լայնորեն թիրախավորված՝ մարտավարական աղետից խուսափելու համար։
Սա միանգամայն տրամաբանական հետևանքն է իրավիճակի, որի նպատակն է զսպել համաճարակը – հաղթել պատերազմը, եթե կրկին փոխառնենք Մակրոնի փոխաբերությունը – առավելագույն հնարավոր վճռականությամբ՝ միևնույն ժամանակ մնալով հաստատված հասարակական կարգի սահմաններում։ Սա ծիծաղելու պատճառ չէ, սա անհրաժեշտություն է՝ պարտադրված մահաբեր գործընթացի դիֆուզիայով, որը հատում է բնությունը (այստեղից՝ գիտնականների գերակայող դերը) ու հասարակական կարգը (այստեղից էլ՝ պետության, և այլ կերպ չէր էլ կարող լինել, ավտորիտար միջամտությունը)։
Այս ջանքերի մեջ հոծ բացատների ի հայտ գալն անխուսափելի է։ Ասենք, պաշտպանող դիմակների պակասը կամ տևական բժշկական մեկուսացման համար ոչ բավարար պատրաստվածությունը։ Բայց ո՞վ իսկապես կարող է պարծենալ, որ նման բան էր կանխագուշակել։
Ինչ որ առումով ճիշտ է, որ պետությունը չի կանխատեսել այս իրավիճակը։ Կարող ենք անգամ ասել, որ տասնամյակներ շարունակ թուլացնելով առողջապահության ազգային համակարգը և համընդհանուր շահին ծառայող պետական բոլոր ոլորտները, այն իրեն պահում էր՝ ասես ավերիչ պանդեմիայի նման ոչինչ չէր կարող դիպչել մեր երկրին։
Այս առումով պետությունը մեղավոր է ոչ միայն ի դեմս Մակրոնի, այլև բոլոր նրանց, ովքեր առնվազն վերջին 30 տարիներին նախորդել են նրան։
Միանգամայն հնարավոր է, որ հանրային ծառայությունների ապամոնտաժման և մասնավորեցման հարցը, որը նաև մասնավոր սեփականության և, հետևաբար, կոմունիզմի հարցն է, արդիականացվել է համաճարակային ճգնաժամի շնորհիվ։
Ամեն դեպքում, ճիշտ կլինի նշել, որ ոչ ոք չի կանխատեսել, չի էլ պատկերացրել Ֆրանսիայում այս տիպի պանդեմիայի ի հայտ գալը՝ բացառությամբ, գուցե, առանձին գիտնականների։ Շատերը երևի կարծել են, որ նման բան կարող էր պատահել մութ Աֆրիկայում կամ տոտալիտար Չինաստանում, բայց ոչ ժողովրդավար Եվրոպայում։ Եվ, իհարկե, ձախերը չեն (կամ «դեղին բաճկոնները», կամ նույնիսկ արհմիությունները), որ առանձնապես իրավունք ունեն կառչել պահից ու շարունակել իրարանցում ստեղծել Մակրոնի՝ վերջին շրջանում իրենց քննադատության հիմնական թիրախի շուրջ։ Նման բան նրանք ևս չէին նախատեսել։ Ճիշտ հակառակը, երբ համաճարակը արդեն շարժվել էր Չինաստանից, նրանք մինչև վերջերս շատացնում էին անվերահսկելի հավաքներն ու աղմկոտ ցույցերը, ինչն այսօր պետք է հետ պահի նրանց, ով էլ որ լինեն, իշխանության հապաղման բարձրաձայն դատապարտումից։ Փաստացի, նախքան մակրոնյան «տիրապետությունը» և նրա կողմից ավտորիտար սահմանափակումների կիրառումը, Ֆրանսիայում որևէ քաղաքական ուժ չի դիմել նման միջոցների:
Պետության տեսանկյունից սա այն իրավիճակներից է, երբ բուրժուական պետությունը պետք է գերակայող դարձնի շահերը, որոնք ինչ որ իմաստով ավելի ընդհանուր են, քան զուտ բուրժուազիայի շահերը, միևնույն ժամանակ՝ ռազմավարորեն պահպանելով ապագայում այն դասակարգային շահերի առաջնայնությունը, որոնց ընդհանուր ձևն իրենից ներկայացնում է այդ պետությունը։ Այլ կերպ ասած, կոնյունկտուրան հարկադրում է պետությանը իրավիճակը կառավարել՝ զուգակցելով այն դասակարգի շահերը, որի լիազոր ներկայացուցիչն է, ավելի ընդհանուր շահերի հետ՝ շնորհիվ «թշնամու» ներքին գոյության, ինչն ինքնին ընդհանուր է․ պատերազմի ժամանակ դա կարող է օտար զավթիչը լինել, իսկ ներկա իրավիճակում՝ SARS 2 վիրուսը։
Այս իրավիճակը (համաշխարհային պատերազմ կամ համաշխարհային համաճարակ) քաղաքական մակարդակում հատկապես «չեզոք» է։ Անցյալում պատերազմները հեղափոխություններ են հարուցել երկու դեպքում, որոնք ժամանակի կայսերական ուժերի նկատմամբ կարելի է համարել ծայրամասային․ Ռուսաստանը և Չինաստանը։ Ռուսաստանի դեպքում՝ քանի որ ցարական իշխանությունը բոլոր առումներով և տևական ժամանակ հետադիմական էր, այդ թվում այն առումով, որ որպես իշխանություն հարմարեցված չէր այդ հսկայական երկրում իրական կապիտալիզմի ծնունդին: Մյուս կողմից էլ – ի դեմս բոլշևիկների – ժամանակակից քաղաքական ավանդգարդն էր՝ ամուր համակարգված ականավոր առաջնորդների կողմից։ Չինաստանի պարագայում՝ ներքին հեղափոխական պատերազմը նախորդել էր համաշխարհային պատերազմին, և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը 1940 թվականին արդեն գլխավորում էր ժողովրդական բանակը, որը պատրաստված ու փորձված էր։ Ի հակադրություն՝ ոչ մի արևմտյան գերտերությունում պատերազմը հաղթական հեղափոխություն չհարուցեց։ Նույնիսկ երկրում, որը 1918-ին պարտվել էր՝ Գերմանիայում, Սպարտակի ապստամբությունն արագորեն ճնշվեց։
Անբովանդակ ու սարսափելի ցնորք է պատկերացնելը, որ ժամանակակից կապիտալիզմը, որը վայելում է ամենուրեք կոմունիստական հիպոթեզի անկումը և այդպիսով կարող է իրեն ներկայացնել որպես ժամանակակից դասակարգային հասարակությունների միակ հնարավոր ձևը, կարող է լրջորեն վտանգվել նրանով, ինչ կատարվում է այսօր։
Դասն այս ամենից պարզ է․ ընթացիկ համաճարակը՝ իբրև համաճարակ, Ֆրանսիայի պես երկրում նկատելի քաղաքական հետևանքներ ունենալ չի կարող։ Նույնիսկ ենթադրելու դեպքում, որ մեր բուրժուազիան՝ սաղմնային աղմուկի և անփույթ, բայց տարածված կարգախոսնեի լույսի ներքո, հավատում է, որ Մակրոնից ազատվելու պահն եկել է, դա հիշատակման արժանի որևէ փոփոխություն չի ներկայացնելու։ «Քաղաքականապես ճիշտ» թեկնածուներն արդեն թաթերի վրա սպասում են, սպասում են նաև հնացած ու նողկալի «ազգայնականության» ամենաբորբոսնած ձևի հետևորդները։
Ինչ վերաբերում է մեզանից նրանց, ովքեր այս երկրում իրական քաղաքական փոփոխություն են ուզում, մենք պետք է օգտվենք այս համաճարակի ընդմիջումից և նույնիսկ միանգամայն անհրաժեշտ մեկուսացումից՝ աշխատելու նոր քաղաքական ֆիգուրաների, նոր քաղաքական տարածությունների նախագծի ու կոմունիզմի երրորդ փուլի անդրազգային առաջխաղացման վրա՝ դրա փայլուն հայտնագործման առաջին և հետաքրքիր, բայց ի վերջո պարտված էտատիստական փորձարկման փուլերից հետո։
Անհրաժեշտ կլինի խիստ քննադատության ենթարկել ցանկացած հեռանկար, համաձայն որի համաճարակի պես ֆենոմենը ինքնին կարող է աշխատել քաղաքականապես նորարարական որևէ բանի ուղղությամբ։ Համաճարակի մասին գիտական տվյալներից բացի, քաղաքական լիցքով օժտված կարող են լինել միայն նոր գաղափարներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են հիվանդանոցներին ու առողջապահությանը, դպրոցներին և հանրամատչելի կրթությանը, տարեցների խնամքին և նմանատիպ այլ հարցերին։ Սրանք այն միակ առաջարկություններն ու գաղափարներն են, որ կարող են արտիկուլացվել բուրժուական պետության սարսափելի թուլությունների հաշվեկշռով, որոնց վրա լույս սփռեց ներկա իրավիճակը։
Հարկ կլինի հանրայնորեն ու առանց վախենալու մատնանշել նաև, որ «սոցիալական մեդիա» կոչվածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ միլիարդատերերի գրպանը հաստացնելուց բացի՝ այն, նախևառաջ, արհամարհանքի, անվերահսկելի ասեկոսեների, նախաջրհեղեղյան «նորարարությունների» հայտնաբերման և անգամ ֆաշիստական օբկուրանտիզմի տարածման տարածք է։
Եկեք վստահենք, անգամ և հատկապես փակի տակ գտնվելով, միայն գիտությամբ հաստատված ճշմարտություններին և նոր քաղաքականության հիմնավորված հեռանկարներին, դրա տեղայնացված փորձառություններին՝ ներառյալ առավել խոցելի դասակարգերի, հատկապես քոչվոր պրոլետարների կազմակերպմանը վերաբերող, որոնք, ի դեպ, եկել են այդ քաղաքականության ռազմավարական նպատակներից ելնելով:
Ալան Բադյու
թարգմանությունը՝ Մարուսյա Սեփխանյանի
ֆրանսերեն բնագիրը՝ qg.media֊ում