Covid-19 պանդեմիան ցցուն է դարձրել մարդու օտարումը այժմեական աշխարհի քաղաքական համակարգից: Որքան էլ ագիտացիան աշխատում էր ձևակերպել սա որպես սովորական անցողիկ վարակ, փոքրիկ անտեսանելի գոյացությունը դրսևորվեց ավելին քան հիվանդություն. այն մտրակ է դարձել և խարանում է տիրապետող քաղաքականության դեմքը:
Հարաճուն խստամբերական քաղաքականությունները ամբողջ աշխարհում ուղղակի լափել են սոցիալական հատկացումները և ծրագրերը՝ հնարավորինս հասցնելով դրանք նվազագույնի: Կրճատվել են առողջապահական ծախսերը, հիվանդանոցները, հիվանդասենյակները, բժշկական անձնակազմերը: Մինչև կորոնավիրուսի համաճարակը Իտալիայում, չնայած բնակչության թվի աճին, առողջապահական ծախսերը համախառն ներքին արդյունքի 9 %-ից նվազել են 8.8 %-ի, ընդհանուր առմամբ՝ 37 բիլիոն եվրո է խնայվել հանրային առողջապահությունից:
Դրա հետևանքն են այսօր գերեզմանատներ և կրեմատորիաներ ուղղվող դագաղասայլերը: Բայց մահաբեր է ոչ թե վիրուսը, այլ գործող առողջապահական համակարգը: Զարգացած առողջապահության միֆը տրաքում է մարդկության աչքի առաջ, գործող համակարգը չի կառուցվել երկրագնդի բոլոր մարդկանց բուժօգնություն տրամադրելու հաշվարկով:
Միջոցների սուր պակասի համաշխարհային այս անակնկալ աղետի մեջ Հայաստանի երրորդ հանրապետությունը մի քանի օրում նոր կարգավիճակ ստացավ:
Խորհրդային համայնակարգի փլուզումից հետո (ինքնա)մեկուսացման ռեժիմում գտնվող փոքր երկրի շուրջ մեկ էլ սկսում է (ինքնա)մեկուսանալ ողջ աշխարհը:
Բայց սահմանները փակվում են մաքսակետերում ու բացվում մարդկանց ուղեղներում: Այս օրերին վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ թշնամի բառը Հայաստանում կորցրել է իր տեղական նշանակությունը: Օդում անարձագանք են մնում հաստիքային հայրենասերների չարախինդ գրառումները հարևան երկրներում կորոնավիրուսի պատճառած վնասների մասին: Մարդը մարդուն բարեկամ է: Անհնար է բացառել իրավիճակի տևականությամբ պայմանավորված վերադասավորումները տարածաշրջանում, փոխօգնության և համերաշխության թեկուզ ժամանակավոր դրսևորումները կարող են փոխել ժողովուրդների թունավորված ընկալումները:
Այս իրավիճակը ռոմանտիզացնելը, ասում են, դասակարգային արտոնություն է: Մինչ գրվում է մեդիահեքիաթը գեղեցիկ կարանտինի մասին, մարդկանց մի խումբ մի կերպ վերապրում է հարկադիր պարապուրդում բազմոցից զուգարան ձգվող երթուդարձի, ուտելուց բողոքելու, գիրք կարդալու, կինո նայելու տաղտուկը, հոծ մարդկային էշելոններ քշված են աշխատելու ժանտախտի օրերին:
Դասակարգային անհավասարությունը այս օրերին սրվել է ամբողջ աշխարհում, տանը մնալու և համաճարակից մեկուսանալու արտոնությունը քչերին է տրված: Հայաստանում, որտեղ միջին դասակարգ գրեթե գոյություն չունի, բնակչության անհամեմատ մեծ հատվածն է հայտնվել աղքատամերժ այս ճգնաժամի թիրախում: Որքան էլ էկրանից չեն իջնում շաքարավազի տոպրակներն ու ձեթի շշերը, որ որպես սոցիալական օգնություն բաժանվելու են կարիքավորներին, անապահով խավը հայտնվել է էլ ավելի խոցելի վիճակում, քան կար:
Մասնավորապես սրվել են վերջինիս աշխատունակ հատվածի կարիքները, որ մենակ է մնացել դեմառդեմ թե՛ համաճարակին, թե՛ գործատիրոջը: Աշխատանքային համակարգի անխնա շահագործող մեքենան կանգ չի առնում համաճարակի առաջ, փողը վիրուս չի փոխանցում գործատիրոջը:
«Առինջ մոլում» աշխատողներին ստիպում են վճարել տաղավարի վարձը՝ անկախ բա՞ց, թե՞ փակ կլինեն դրանք: Մոլի փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը սա կոչել է «ջերմ ընտանեկան հարաբերություն»,«խնդրել չմտնել մատի և մատանու արանքը»: «Ընտանեկան ջերմ մթնոլորտ» է նաև «ՍԱՍ Գրուպ» ընկերության հարկի տակ. ահազանգեր հնչեցին աշխատողներին հարկադիր ստորագրությամբ անվճար պարապուրդի ուղարկելու մասին: Հիրավի, Հայաստանը օջախ է, ժողովուրդը՝ ընտանիք: Հայկական ընտանիքում հաճախ են ոտնահարվում մարդու իրավունքները, իսկ աշխատանքային իրավունքներ չկան:
Այսպես, հայկական մեծ ընտանիքում աշխատանքային շահագործումը ոչ միայն չի դադարում պանդեմիայի պահին, այլև իրականացվում է արտակարգ ռեժիմով. մարդիկ չնչին հավելավճարներով աշխատում են օրական մինչև 20 ժամ: Վերջապես աշխատանքային իրավունքների ոտնահարման 24-ժամյա բաց հանրագիտարան են տեղական սուպերմարկետները և պարենի խանութները, որտեղ աշխատողները դիմակայում են ոչ միայն տարածվող վիրուսի վտանգին, այլև ուտելիքների բուրգերը գրոհած քաղաքացիների հոսքերին: Անգամ այս օրերին չի դադարում հայաստանյան շինարարական բումը՝ տնտեսական bubble gum-ը. կարելի է փակել դպրոցներն ու համալսարանները, թատրոններն ու համերգասրահները, բայց շինարարությունը՝ երբեք:
Աշխատավայրերի պատերին են բախվում ամեն խոսափողից հնչող առողջապահական հորդորները. սանիտարահիգիենիկ նորմերը կամ չեն պահպանվում, կամ դրանց պահպանման իմիտացիա է ստեղծվում: Այստեղ մի պահ ընդմիջենք և ծափահարենք հայ գործարարներին:
Գործատուները խրել են պարապուրդն առանց աշխատավարձի դրոշը՝ աշխատողներին զրկելով վարձատրությունից: Հատկապես, չգրանցված աշխատողներն են հայտնվել բարդ վիճակում: Եթե Աշխատանքային օրենսգիրքը հարկադիր պարապուրդի դեպքում գրանցված աշխատողի համար գործատուին պարտավորեցնում էր վճարել աշխատավարձի 75%-ը, ապա օրենսգրքի ճգնաժամային փոփոխություններից հետո՝ առնվազն մինիմալ աշխատավարձը: Իսկ չգրանցված աշխատողը, ըստ էության, գոյություն չունեցող սոցիալական միավոր է: Զրկվելով օրավարձերից՝ աշխատողների այս խումբը անճարակ է դարձել լուծելու օրվա հացի, բնակարանի և կոմունալ ծառայությունների խնդիրը:
Որքան էլ կառավարությունը այս իրավիճակում իրեն դրսևորեց որպես բարեխիղճ գործատու գոնե թե տուն գործուղված աշխատողների հանդեպ և նախանձախնդիր է կատարելու իր սոցիալական պարտավորությունները համաճարակից անմիջապես տուժած քաղաքացիների հանդեպ, ակնբախ զսպվածություն է դրսևորում ճգնաժամի պայմաններում մասնավոր ոլորտում աշխատողների խնդիրների հարցում:
Աշխատանքային ոլորտից այս իշխանությունը աշխատում է կենսական հեռավորություն պահել՝ հին դատական համակարգին թողնելով գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորումը: Աշխատանքը սոսկ բառ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության և աշխատանքի տեսչության և այլ պետական կառույցների անվանումներում, բայց ոչ լիազորություն:
Երբ համաճարակի բերանը քշված շատ աշխատավորներ այս օրերին գործադուլներ են անում Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր, Հայաստանում արտակարգ դրությունը սահմանափակում է գործադուլի իրավունքը: Իսկ համաճարակային օրերին մտցված ճգնաժամային կարգավորումները վերահսկելի չեն:
Վարչապետ Փաշինյանը կոչ է անում չվհատվել ստեղծված իրավիճակում, նա կանխազգում է հին տնտեսակարգի փլուզումը և նորի առաջացումը: Դժվար է, իհարկե, բացառել փլուզումները և սպասել, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնն է լինելու: Տնտեսագետները գուժում են, որ աշխարհը 2007-2008 թթ. ֆինանսական ճգնաժամի նախաշեմին է հայտնվել, Սաուդյան Արաբիա-Ռուսաստան կոլապսի արդյունքում նավթի գնի կտրուկ անկումը քաոտիկ ժամանակներ է խոստանում համաշխարհային շուկայական տնտեսությանը: Համաճարակից հետո բացառված չէ գործող տնտեսական տրամաբանությունների էլ ավելի կոշտացումը, որը կարագացնի տնտեսության մոնոպոլացման և օլիգարխացման տեմպերը:
Բայց մինչ այդ, կորոնավիրուսի բաց դասն է՝ սոցիալական համախմբվածության մասին աշխարհի մի կիսագնդից մյուսը ձգված պաստառով:
Համաճարակը ցույց տվեց, որ պետական համակարգը մեծ բիզնես խաղասեղանին մագլցելուց առաջ անելիքներ ունի սոցիալական պաշտպանության համակարգերը բարելավելու ուղղությամբ: Ներկա տվյալներով Հայաստանում բնակչության 51.4 %-ը ինքնաբուժվում է, 20,1%-ը ֆինանսապես ի վիճակի չէ բուժվելու. սրանք հասկանալի թվեր են, երբ ընդհանուր առողջապահական ծախսերը Հայաստանում ՀՆԱ-ի 1,4% են կազմում, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշը 10,1% է:
Ճգնաժամից հետո առավել հրատապ է վերսկսել համապարփակ առողջապահության մասին քննարկումները և մշակել աշխատանքային ոլորտը վերահսկող մեխանիզմներ:
Գայանե Այվազյան
Նկարը՝ Արսեն Բաղդասարյանի
(5 տարեկան, ինքնամեկուսացված 3-րդ մասում)