Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստին ներկայացրեց Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանի տարածքում, համաձայն որի այս պահի դրությամբ առկա է կորոնավիրուսի վարակման 482 հաստատված դեպք, դեպքերից 58֊ը գրանցվել է վերջին մեկ օրվա ընթացքում։
Ըստ նախարարի, 58 դեպքերից 25֊ը ի սկզբանե եղել են կարանտինում՝ հատուկ պահման վայրերում, այսինքն շփման շրջանակ չեն ունեցել։ 31 հոգին, որոնց մեջ կան նաև բուժաշխատողներ, այնպիսի անձինք են, ովքեր արդեն եղել են կասկածելի գոտում, շփվել են հաստատված դեպքի հետ։ Դրանցից միայն երկուսն են, որ արտերկրից բերված նոր դեպք են, որոնց շփման շրջանակը դեռ պարզվում է։ Այս թվի մեջ ներառված են նաև բանակի դեպքերը։
Այս պահի դրությամբ կան 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Թորոսյանի կարծիքով, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի մոտ դրական դինամիկա է նկատվում, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքը անջատեն և պացիենտը ինքնուրույն շնչի։ Ծանր վիճակում գտնվող երկու այլ պացիենտների մոտ էլ կա բարելավում։ Նրանք կտեղափոխվեն սովորական պալատներ։
«250 մարդ դուրս է եկել մեկուսացման վայրերից։ Լինում է, որ մեկուսացման մեջ եղած մարդկանց մոտ մի քանի օրվա ընթացքում սիմտոմները զարգանում են, և նրանք ավտոմատ տեղափոխվում են հիվանդանոցներ։ Բայց եթե շատ կոպիտ վիճակագրություն ասեմ, 14 օրվա վերջում, երբ որ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես մինչև 10 տոկոս դրական դեպքեր են լինում, հետևաբար նրանք մնում են մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ, որից հետո նորից ենք թեստավորում», ֊ պատմեց Թորոսյանը։
Նախարարը նշում է, որ եթե, պացիենտների վիճակով պայմանավորված, ինտենսիվ թերապիայի կարիք է լինում, հիմնականում նրանց 50 տոկոսը գնում է ինկուբացիայի, իսկ ինկուբացված պացիենտների քիչ տոկոսն է գոյատևում։
«Սակայն մեր թվերը փոքր են, և ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է։ Օրինակ ունենք ծանր, որը նաև երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և շուտով կդառնա միջին, ապա ամբողջությամբ կապաքինվի։ Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը», ֊ ասաց Թորոսյանը։
Նախարարության տվյալներով, առանց քրոնիկական հիվանդությունների պացիենտները հիմնականում չեն էլ հասնում ռեանիմացիոն ծառայության։
Ինֆեկցիոն հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի փուլում գտնվող պացիենտները ունեն քրոնիկական հիվանդություններ, բացի մեկից, ով պարզապես ուշ է դիմել բուժհաստատություն։