Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում պաշտպանի աշխատանքը կազմակերպվելու է արտակարգ ռեժիմով: Իրենց ուղղված բողոքների ուսումնասիրությունները վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝
- Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
- դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
- արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
- դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
- մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
- ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
- օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
- ամուսնանալու ազատությունը,
- երեխայի իրավունքները,
- կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
- մտքի և կրոնի ազատությունը:
ՄԻՊ֊ը ստացել է դիմումներ նաև հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
Տեղեկատվության մատչելիության հարցի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներից է նրանց համար տեղեկությունների լիարժեք հասանելիությունը։ Տեղեկատվության մատչելիության ապահովումը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը:
2. Արտակարգ դրության պայմաններում հանրային իշխանության մարմինների աշխատանքն իրականացվում է արտակարգ ռեժիմով և հասկանալիորեն ուղեկցվում է դժվարություններով։ Սակայն, չնայած այդ դժվարություններին, պետք է գործադրել լրացուցիչ ջանքեր։
Ուստի, տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովվի այնպես, որ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ինքնուրույն: Դա անհրաժեշտ է ապահովել, օրինակ, ասուլիսների ժամանակ ժեստերի լեզվով թարգմանությամբ, տեսանյութերն ուղեկցել ենթագրերով, պաշտոնական առաջնային կայքէջերն ուղեկցել լուսաձայնային հարմարեցումներով և այլն:
3. Կարևոր է, որ կրթական, մշակութային կամ սպորտային առանձին ծրագրեր ներկայում իրականացվում են առցանց, սակայն այնքանով, որքանով վերաբերելի են և օբյեկտիվորեն հնարավոր, այդ ծրագրերը պետք է հասանելի ու մատչելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
4. Պաշտպանը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում հնարավորության դեպքում արտակարգ դրության առնչվող կարևոր նյութերի հրապարակումներն անել այնպես, որ դրանք հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
5․ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքները։