Կառավարությունը փոփոխություններ է կատարել արտակարգ դրությանը վերաբերող Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» գլխում։ Սահմանափակումների ենթարկվող տեղեկատվության տեսակներին ավելացել են «առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումները և դրանց վերաբերող տվյալները» (վարակման դեպքեր, մարդկանց անուններ, նրանց առողջական վիճակ, նրանց հետ շփված մարդկանց անուններ և այլն)։
Լրատվամիջոցները կարող են հղում տալով հրապարկել նաև օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերի, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի գրառումները: Նախկինում նման աղբյուրով հրապարակումները արտակարգ դրության ռեժիմով արգելվում էին։
Խուճապի հանգեցնող կամ դրա վտանգ ստեղծող տեղեկատվությունն էլ սահմանափակվում է, եթե խուճապի հանգեցնելու հանգամանքը «ակնհայտ» է, իսկ վտանգը՝ «իրական»։
Հիշեցնենք, որ կառավարության այս որոշումից առաջ մի շարք ԶԼՄ֊ներ և ՀԿ֊ներ հայտարարություն էին տարածել և կոչ արել Կառավարությանն ու Պարետատանը անհապաղ ուժը կորցրած ճանաչել արտակարգ դրություն ժամանակ լրատվամիջոցներին ուղղված 23, 24, 25 և 26 կետերը: Այն է՝
ՀՀ֊ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով: