Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը կոչ է անում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց:
Խորհուրդ է տրվում․
– Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով:
– Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա ստանալու, ինչպես նաև հանրային ծառայության բնագավառում ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների համար Արցախի Հանրապետության ոստիկանություն դիմել խիստ անհրաժեշտության դեպքում:
– Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և դրա փոխանակումը պայմանավորված է միայն ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար, ապա կարիք չկա այն փոխանակելու համար դիմել անձնագրային ծառայություն, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար:
Մարտի 31-ին նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրություններն հետաձգելու մտադրություն, սակայն, չկա․ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին Ղարաբաղում այս պահին նախընտրական ակտիվ քարոզարշավ է ընթանում։
Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ում մեկուսացված է 3 քաղաքացի, մոտ 2 տասնյակը՝ ինքամեկուսացված են։ Կորոնավիրուսի հաստատված դեպք Ղարաբաղում չկա։
Աբրահամյանը կարծում է, որ ընտրությունները հետաձգելու կարիք չկա։ Ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրը Առողջապահության նախարարության հետ համատեղ միջոցառումներ է իրականացվելու՝ վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ընտրությունների օրը ընտրողները, հանձնաժողովի անդամները անհատական ձեռնոցներ և դիմակներ են ունենալու, յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ` քվեարկելուց հետո այն չօգտագործելու պահանջով։