Մարտի 30-ին՝ 19:00-ի սահմաններում, Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում։ Այս մասին տեղեկացրել է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով որ թեթև վիրավորում են ստացել նաև երկու զինծառայող։ Գնդակոծվել է նաև Բաղանիս գյուղը։
Նախնական տվյալներով դպրոցականը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում։ Նա գտնվում է բժշկական անմիջական հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի ձեռնարկած գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ իրենք գնդակոծում են բացառապես մարտական հենակետերը, որոնք կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։