Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ի գիշերը «Իջևանի, Բերդի և Կարմիրգյուղի շրջաններից հրաձգություն է սկսվել Ադրբեջանի Գազահի շրջանի Ֆարահլի, Աշագի Ասկիպար և Թովուզի շրջանի Ագբուլագ գյուղերի ուղղությամբ»։
Հայկական կողմի փոխանցմամբ, Իջևան֊Նոյեմբերյան ավտոճանապարհին կրակոցների պատճառով երթևեկությունը դադարեցվել էր։ Փակ էր նաև Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածը։
Դեկտեմբերի 18-ի առավոտյան Հայաստանի Պաշտպանության Նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ Իջևան֊Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ կրակոցները սկսվել էին դեկտեմբերի 17-ի երեկոյան։ «ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Համայնքի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանի փոխանցմամբ Բաղանիս գյուղի դպրոցն ու մանկապարտեզը բնականոն գործում են, իրավիճակը խաղաղ է։