Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ ռազմա֊տեխնիկական համագործակցության մերժումը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Երևանում հայտարարել է Ռուսաստանի դաշնության Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը։
Նրա խոսքով, Ռուսաստանը ռազմական ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի հետ «տարբեր պայմաններով է աշխատում»։ «Երևանը Ռուսաստանի ՀԱՊԿ գործընկերն ու դաշնակիցն է, դա պաշտպանական միություն է։ Ադրբեջանի հետ Ռուսաստանը նման հարաբերություններ չունի, այդ իսկ պատճառով էլ մատակարարումներն այլ կերպ են կազմակերպվում»։
Ռուսաստանի և Բելառուսի՝ Ադրբեջանին զենք վաճառելուց հրաժարվելը՝ ռուսական սենատորի խոսքով, կտաներ նրան, որ Ադրբեջանը կսկսեր ուրիշներից զենք առնել։
Ինչ վերաբերում է ռուսական մատակարարումներին, ապա Մոսկվան «հետևում է ուժերի հավասարակշռությանը, ինչը հակամարտության վերսկումը կանխելու կարևորագույն երաշխիք է», – ասել է Կոսաչևը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել էր զենք չվաճառել Ադրբեջանին։