Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկվել է http://online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ:
Խոսքը, մասնավորապես, ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրով (N 418-Լ որոշում) և ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն» ծրագրով (N460-Լ որոշում) նախատեսված միանվագ դրամական օգնություն ստանալու գործընթացի մասին է:
Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրվի, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե: ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկն ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է: Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց: