Home / Առողջապահություն / Ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ կարանտինի ժամանակ․ ՄԱԿ

Ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ կարանտինի ժամանակ․ ՄԱԿ

Մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված կարանտինի և ինքնամեկուսացման պայմաններում մի քանի անգամ մեծացել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը։ Այս մասին թվիթերում հրապարակված տեսաուղերձում հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը։

https://twitter.com/antonioguterres/status/1246973397759819776

«Վերջին շաբաթների ընթացքում, տնտեսական և հասարակական ճնշումների ու վախի ուժեղացման պայմաններում, մենք ընտանիքում բռնությունների սարսափելի բռնկման ականատեսն ենք դառնում»,- ասում է Գուտեռեշը։ Նրա խոսքով, մեկուսացման անհրաժեշտության պատճառով, մեծ թվով կանայք հայտնվեցին բռնության հակումներով զուգընկերների «թակարդում»։ Որոշ երկրներում աջակցության կենտրններ կանանց ահազանգերի քանակը կրկնապատկվել է։ Ընդ որում, իրավապահ մարմինների և առողջապահության ոլորտի աշխատակիցներն այս օրերին առանց այն էլ ծանրաբեռնված են, ինչի պատճառով բռնության զոհերին ազակցություն տրամադրող տեղական հաստատությունները բավարար ռեսուրսներ չունեն, նշել է Գուտեռեշը։

Խնդրի լուծման համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին խորհուրդ է տվել հնարավորության սահմաններում մեծացնել ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, վտանգի մասին ահազանգելու հատուկ համակարգեր տեղադրել դեղատներում ու մթերային խանութներում։

Որոշ հաշվարկների համաձայն, այս պահին կարանտինի կամ ինքնամեկուսացման մեջ է Երկիր մոլորակի բնակչության մեկ երրորդը՝ շուրջ 2,6 միլիարդ մարդ։