Կառավարությունը միանվագ օգնություն կտրամադրի covid-19 համաճարակից տուժած մասնավոր տնտեսվարողների վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին, մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին և գործազուրկ հղի կանանց, որոնց ամուսինները նշված ժամանակահատվածում զրկվել են աշխատանքից։
Կառավարությունը այսօրվա արտահերթ նիստին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ, 7-րդ և 8-րդ միջոցառումները, համաձայն որոնց
1․ Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը) և ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում կստանան միանվագ օգնություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
– ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը,
– ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
– 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
– ով կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։ Միջոցառումը վերաբերում է մարտի 13-ի-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։
Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվելու Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:
Օգնություն ստանալու համար քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն։ Ընթացակարգը կհաստատվի ապրիլի 2-ին։
2․ Հղի կանայք, ովքեր 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք և որոնց ամուսինները 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից և չեն անցել մեկ այլ աշխատանք, կստանա միանվագ օգնություն՝ 100 000 դրամ նպաստի տեսքով:
3․ Միանվագ օգնություն կստանան նաև մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ իրականացնողներին, բացառությամբ՝ դեղորայքի, սննդի, ալկոհոլի և ծխախոտի։
Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100,000-ը, ծրագրի բյուջեն՝ 10 մլրդ դրամը։
Աջակցությունը տրամադրվելու է ոչ թե գործատուներին, այլ՝ աշխատողներին․
– վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը,
– վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,
– անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույնա շխատավարձի չափը,
– անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:
Դիմումները ներկայացվելու են www.online.ssa.am կայքէջի միջոցով։
Աջակցության ծրագրերը չգրանցված աշխատողներին չեն վերաբերելու։
«Մենք չունենք գործիք չգրանցված աշխատողներին նույնականացնելու համար։ Մենք ո՞նց իմանանք, որ մարդը աշխատել է, բայց չի ֆիքսվել։ Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ ես աշխատել եմ, բայց չի ֆիքսվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ։ Քաղաքացիներն իրենք են շահառու, շատերին թվում է՝ կառավարության համար ենք ասում, որ պետք է աշխատատեղերը ֆիքսվեն։ Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է, և քաղաքացին ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր աշխատանքն արձանագրվի», – կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանքը կորցրած, կարող են դիմել ՊԵԿ։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ իրենք իսկապես աշխատել են, բայց աշխատանքը չի գրանցվել, «գուցե հնարավոր լինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում»․ «Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի»։