Ռուսաստանն ապրիլի 4-ից դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները, որոնք տարհանում էին օտարերկրյա քաղաքացիներին կամ Ռուսաստան վերադարձնում արտերկրում մնացած ռուսաստանցիներին: Մարտի 30-ից փակվել էին նաև Ռուսաստանի ցամաքային սահմանները։ Մինչև ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածը հայտարարվել էր ոչ աշխատանքային։
Ռուսաստանում մնացած հարյուրավոր արտագնա աշխատողներ, որոնց մեծ մասը կարանտինի բերումով զրկվել է աշխատանքից, զգալի մասը՝ չլինելով գրանցված աշխատող, մնացել է առանց եկամուտի, շատերը՝ փողոցում հայտվելու վտանգի տակ, այժմ սպասում են Հայաստան վերադառնալու հնարավորության։
Ռուսաստանի օդային և ցամաքային սահմանները փակ են։ Հայաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 6-ին Հայաստանի քաղաքացիների համար, այնուամենայնիվ, չարտերային թռիչք կկազմակերպվի։ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի համար «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը Ռուսաստանի կառավարությունից մեկանգամյա թույլտվություն է ստացել, որը, Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի փոխանցմամբ, դեռևս ուժի մեջ է։
«Չվերթը նախատեսված է բացառապես Հայաստանի քաղաքացիների համար։ Տոմսերի վաճառքով զվաղվում էր թռիչքն իրականացնող ավիաընկերությունը։ Ընկերության ձեռքբերած մեկանգամյա թույլտվությունը դեռ գործում է։
Հայաստանի ԱԳՆ-ն և Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը շաբաթներ շարունակ հորդորել են հայաստանցիներին վերադառնալ հայրենիք, նախազգուշացրել հնարավոր զարգացումների և դրանցից բխող դժվարությունների մասին։ Վերջին նման հորդորը տարածվել է մարտի 17-ին, երբ սահմանները դեռ փակ չէին։ Հիմա՝ ստեղծված պայմաններում, իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել, բարդ է որևէ բան կանխատեսել», – Epress.am-ի հետ զրույցում ասում է արտգործնախարարության խոսնակը։
Դեսպանությունում այս պահին հյուպատոսական հաշվառման է կանգնած մոտ 2000 ՀՀ քաղաքացի։ Հայաստանի դեսպանություն դիմող, կացության, նյութական կամ այլ օգնության կարիք ունեցող քաղաքացիների հետ դեսպանատան աշխատակիցները մշտական կապի մեջ են։ Խնդիրները, ասում է Նաղդալյանը, գրանցվում են, գնահատվում են կարիքները, օգնելու կամ աջակցելու հնարավորությունները։
Նախատեսվում է, որ մոտակա ժամանակներում Դոնի Ռոստովում ժամանակավոր կացարան կապահովվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք համավարակային սահմանափակումների բերումով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան։ ԱԳՆ-ն ապրիլի 4-ին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր կացարանի կարիք ունեն և գտնվում են Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում, շտապ կապ հաստատել ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ՝ +7(863)253-67-45 կամ +7 (961) 408 – 44 – 23( WhatsApp/Viber) հեղախոսահամարներով։
Դեսպանությունը, ասում է Նաղդալյանը, հնարավորությունների սահմաններում փորձում է լուծել նաև այլ քաղաքներում անօթևան մնացած քաղաքացիների հարցը։ Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին J7 ավիաընկերության կողմից չեղարկված չվերթին, որի պատճառով տասնյակ քաղաքացիներ մինչև ուշ գիշեր մնացել էին «Դոմոդեդովո» օդանավակայանում, Նաղդալյանն ասում է՝ նրանցից 18-ին դեսպանությունը տեղավորել է հյուրանոցներում։ Հետագայում ապահովվել է ևս 11-ի կացության հարցը։ Քաղաքացիների մի մասի կացության հարցն էլ լուծվել է Մոսկվայում բնակվող հայերի օգնությամբ։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն այս պահին աշխատում է ևս մեկ չվերթի համար թույլտվություն ստանալու ուղղությամբ։ Նաղդալյանի խոսքերով, եթե նման հնարավորություն ընձեռնվի, դեսպանությունը և Հայաստանի ԱԳՆ-ն հանդես կգան առանձին հայտարությամբ։