Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ազատ են արձակվել 200 կալանավորներ։
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ընտրված դատապարտյալներն արդեն անազատության մեջ անց են կացրել վճռով սահմանված ազատազրկման ժամկետի երկու երրորդը կամ երեք քառորդը։
Մարտի 27-ի առավոտյան Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է հաստատվել։ Հիվանդներից մեկը մահացել է։ Դա երկրում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է։
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով, մարտի 12-ին Թուրքիայից վերադարձած, 1961 թվականին ծնված քաղաքացին հիվանդանոց տեղափոխվել է բարձր ջերմությամբ և ծանր շնչառությամբ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդը խրոնիկ բրոնխիտ ուներ։ Կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է եղել։
Նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ ու ընտանիքի անդամները կարանտինի տակ են։
Հատուկ հսկողության տակ գտնվող հինգ հիվանդների թեստի պատասխանը բացասական է եղել։ Նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։
Այժմ բուժհաստատություններում հատուկ հսկղության տակ գտնվում են կորոնավիրուսով վարակված 104 քաղաքացիներ։ Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր, իննինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։
Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետագա տարածումը կանխելու համար Ադրբեջանում մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը հատուկ կարանտինային ռեժիմ է հայտարարվել։ Նոր կանոնների համաձայն, 65-ից մեծ մարդկանց արգելվում է դուրս գալ տնից, միայնակ ծերերին առաջարվում է սոցիալական ծառայությունների փաթեթ։ Սահմանափակվել է մուտքն ու ելքը Բաքու և Սումգայիթ քաղաքներից, նաև՝ Ապշերոնի շրջանից։ Բացառություն են միայն հատուկ նշանակության մեքենաները, այդ թվում՝ շտապ օգնության, վթարային և փրկարար ծառայությունների, նաև բեռնատար մեքենաները։ Հասարակական վայրերում արգելվում է հավաքվել ավելի քան 10 հոգանոց խմբերով։