Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր` մարտի 27-ին, ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊՆ խոսնակի խոսքերով, զինծառայողը թեթև վիրավորում է ստացել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-յի, ՊՆ մամուլի խոսնակը հաստատել է նաև, որ զինծառայողը վիրավորվել է ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով․ ադրբեջանական զինուժը թիրախավորված կրակ է բացել հայկական դիրքերի վրա, հայկական կողմը ճնշել է կրակը։
Ադրբեջանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 12։00-ից հայկական զինուժը Բաղանիսի մարտական կետերից ինտենսից կրակ է բացել Գազախ գյուղ գնացող տրասպորտային միջոցների և սահմանապահ կետերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պատասխան կրակով ճնշվել է հայկական կողմի սադրանքը։