Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այսօր ժամը 00։00-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում պարտադիր ինքնամեկուսացում:
Նպատակը՝ «սահմանափակել այլ անձանց հետ անմիջական շփումը և կանխել կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը»:
Տեղաշարժի սահմանափակումները չեն վերաբերելու հետևյալ դեպքերին․
1) Չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
2) «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․
1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը։
Որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության` «Արտակարգ դրության թերթիկի» առկայության ստուգումը վերապահվել է ոստիկանությանը։
Պարետի խորհրդական Սուրեն Քրմոյանի պարզաբանմամբ, սա նշանակում է, որ տնից դուրս գալ այսուհետ կարելի է միայն բացառիկ դեպքերում կամ կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ այցելելու մոտակա դեղատուն, մթերային խանութ կամ գյուղատնտեսական շուկա։ Թույլատրելի է օրական մեկ անգամ դուրս գալ մարմնամարզության կամ հեծանվավազքի։
Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս պարտադիր պետք է լրացնել տեղաշարժի թերթիկը (ձեռագիր, ցանկացած թղթի վրա)։
Հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը: Ոստիկանները իրավունք են ունենալու հարցնել, թե ինչ նպատակով է անձը դուրս եկել փողոց, պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթն ու տեղաշարժի թերթիկը։
Անձնագրի կամ թերթիկի բացակայության դեպքում «ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված միջոցառումներ»։ Ոստիկանի հրամանը չկատարալու համար քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության՝ վարչական կամ քրեական։
Սահմանափակումները չեն վերաբերելու բուժաշխատողներին, ԱԳՆ աշխատակիցներ, ոստիկաններին, սննամթերքի, խմիչքների, կենցաղային նշանակության ապրանքների, դեղամիջոցների, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրամասերի և խանութների աշխատակիցներին, նաև՝ զենքի և զինամթերքի արտադրամասերի և հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ ներգրավված աշխատակիցներին (պարետի որոշմամբ սահմանված բացառությունների ամբողջական ցանկը՝ այստեղ)
Նշենք, որ, ըստ թերմացված տվյալների, ժամը 21։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 249 դեպք, վարակված անձանցից 14-ը բուժվել է։ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու թեստի արդյունքները բացասական են, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո նրանք նույնպես դուրս կգրվեն։
Մեկուսացումից այսօր դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։