Ադրբեջանի թեմայով ԵԽԽՎ համազեկուցղներ Սուննա Էվարսդոթիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) և Ստեֆեն Շեննակը (Ավստրիա) արձագանքել են հաղորդագրություններին, որոնց համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նոռուզի տոնակատարության առիթով իր ելույթում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում առաջարկել է «մեկուսացնել» քաղաքական ընդդիմությանը։
«Ես զարմացած եմ և ցնցված համաճարակը սեփական իշխանության ամրապդնմանը ծառայեցնելու` Ադրբեջանի կառավարության ամոթալի քայլերից», – հայտարարել է Վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը:
«Լեզուն, որով նախագահ Ալիևը երկրի քաղաքական ընդդիմությանը որակում է որպես դավաճան «հինգերորդ շարասյուն, խորապես ոչ ժողովրդավարական է»,- նշել է համազեկուցող Շեննակը, – «Քաղաքական բազմակարծությունն ու խոսքի ազատությունը առավել կարևոր են հենց արտակարգ դրության պայմաններում, որպեսզի երաշխավորվի տեղեկությունների տարածումն ու ազատ քննարկումը հանրության շրջանում»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Տոֆիկ Յագուբլուի ձերբակալությանն անդրադառնալով Իսլանդիայի ներկայացուցիչ Էվարսդոթիրը նշել է․ «Իմ ստացած տեղեկությունները խոսում են այն մասին, որ պարոն Յագուբլուի գործը սարքված է․ նա նորից քաղբանտարկյալի կարգավիճակում է»։
«Ադրբեջանի կառավարությունը կարծես սկսում է ծրագրված քաղաքական ճնշումների հերթական փուլը։ Դա Եվրոպական խորհրդում երկրի ապագայի համար ոչ մի լավ տեղ չի տանի», – հայտարարել է նա։