Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել սահմանների փակման ժամկետը երկարաձգել մինչև ապրիլի 20։ Բեռնատարների համար հատուկ տրանզիտային միջանցք կստեղծվի։ Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմ է սահմանվել․ 65 տարեկանից մեծ քաղաքացիներին արգելվում է դուրս գալ տնից, միայնակ տարեցների համար սոցիալական աջակցություն է սահմանվել, միջքաղաքային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը, բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները:
Այս պահի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 72 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը բուժվել են, 1-ը՝ մահացել է։ Այս պահին բուժում ստանում են 61 քաղաքացիներ։
Վրաստանում հաստատված դեպքերի քանակը հասել է 66-ի, որոնցից 8-ը բուժվել են։ Այս պահին կարանտինի տակ են 3320 քաղաքացիներ։
Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 235 է, որից 3-ն արդեն առողջացել են։ Վաղը լրանում է մեկուսացման մեջ գտնվող ավելի քան 600 քաղաքացիներից շուրջ 70-ի մեկուսացման 14-օրյա ժամկետը․ նրանք կրկին կթեստավորվեն, բացասական արդյունք ունեցողները կուղեկցվեն տուն։
Կրոնական հավաքները կարող են վտանգավոր լինել հավատացյալների համար․ աղոթելու համար հավաքված քաղաքացիները հիմնականում չեն պահպանում անհրաժեշտ հեռավորությունը, օգտագործվում են «սրբազան առարկաներ», որոնց դիպչում են սրբավայրի բոլոր այցելուները։ Այս մասին «Կավկազսկի ուզելին» պատմում են հարցված գիտնականները։
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար կազմակերպվող միջոցառումերը վերաբերում են նաև կրոնական կազմակերպություններին։ Ռուսաստանի մահմեդականների հոգևոր խմբավորումը մարտի 16-ին հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում կրճատել ուրբաթօրյա աղոթքներն ու սահմանափակել ռիսկային խմբի մարդկանց մուտքը մզկիթներ։ Ռուսաստանի հարավում այս կոչերն արհամարհվեցին միայն Չեչնիայի մուֆթիաթի հավատացյալների կողմից։
Եվրոպական երկրներում ավելի խիստ միջոցներ են ձեռնարկվել․ կարանտինի մեջ են թե եկեղեցիները, թե մզկիթները, թե այլ կրոնական հաստատությունները։
Այս պահին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի 395,532 հաստատված դեպք է գրանցվել, որոնցից 103,719-ը բուժվել է։ Կա 274,584 ակտիվ դեպք, որոնցից ծանր վիճակում է 4 տոկոսը՝ 12,186 մարդ։