Իրանական բանտերից ժամանակավորապես ազատ են արձակել 85 հազար կալանավորվածների, հայտնում է Reuters-ը՝ հղվելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսեին Էսմաիլիին։
Նրա խոսքով, այդ գործողության նպատակն է նվազեցնել ազատազրկման մարդաշատ վայրերում կորոնավիրուսի տարածման ռիսկերը։
Իրանում դատապարտյալների ազատ արձակումը սկսվել է մարտի սկզբից։ Իշխանության ներկայացուցիչներն ընդգծում են, որ այդ նախագիծը վերաբերում է ոչ ծանր հանցագործությունների համար ազատազրկվածներին։ Հատուկ նշվում է, որ բոլորը նախապես կորոնավիրուսի թեստ կանցնեն։
Վերջին տվյալներով Իրանում վարակման 16․169 հաստատված դեպք է գրանցվել, որոնցից ապաքինվել է 5․389 մարդ, մահացել՝ 988-ը։ Ներկայումս ակտիվ դեպքերի քանակով՝ 9․792, Իրանը զիջում է միայն Իտալիային՝ 23․073 ակտիվ դեպք։