Կորոնավիրուսի տարածման մասին լուրերը հայտնվել են լրատվականների առաջին էջերին, տարբեր երկրներում կարանտին է հայտարարված, որոշ տեղերում մարդիկ իրենց ոչ այնքան խելամիտ են պահում, օրինակ՝ հսկայական քանակության զուգարանի թուղթ են գնում՝ սև օրվա համար։ Ինչ է պետք իմանալ որպեսզի չվախենալ ավելի շատ, քան արժե։
Այս վիրուսի վտանգավորությունը հերքել իհարկե հնարավոր չէ, կանխարգելիչ միջոցներն արդարացված են, բայց նաև խուճապի կարիք չկա։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է․
+ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
+ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
+ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
+ Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
+ Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
+ Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
+ Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
+ Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
Բոլորս մեռնելո՞ւ ենք։ Ո՛չ։
Բժիշկները հայտնում են, որ Covid-19-ից մահացությունները սովորական գրիպից ավելի շատ են, բայց պետք է ուշադրություն դարձնել թվերին։
Ջոնս Հոփքինսի ամերիկյան հետազոտական համալսարանը կազմել է կորոնավիրուսի տարածման ինտերակտիվ ու բավականին օպերատիվ կերպով թարմացվող քարտեզը։
Այդ տվյալները հիշեցնում են, որ վարակվածների մեծ մասը՝ ավելի քան 64 հազար մարդ, արդեն բուժվել է։
Վարակվածների 88 տոկոսի մոտ հիվանդությունը մեղմ ընթացք ունի։
Այսօր՝ մարտի 10-ի կեսօրի տվյալներով, գրանցվել է 114 500 վարակման դեպք (որից 80 700-ը Չինաստանում), մահացել է 4020 մարդ (որից 3100-ը Չինաստանում)։ Այսինքն, մահացությունը կազմում է շուրջ 3.5 տոկոս։
Որ մահացածների մեծ մասը տարեցներ են, իսկ երիտասարդների մահացության ռիսկը ձգտում է զրոյի՝ արդեն շատ է ասվել։
Մահացության տոկոսային հարաբերակցությունը հաշվելիս ևս մեկ հանգամանք է պետք հաշվի առնել։ Բժիշկների պնդմամբ, որոշ մարդկանց մոտ հիվանդությունն այնքան թեթև է անցնում, որ չի էլ նկատվում և ընկալվում է որպես սովորական հարբուխ։ Եթե հնարավոր լիներ հաշվել նաև այդ դեպքերը, ապա մահացության տոկոսն անհամեմատ ավելին փոքր կլիներ։ Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթթին կարծում է, որ իրականում մահացությունը մոտ 1 տոկոս է։
Ի՞նչ անել
Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարելի է վարակվել նաև կոշտ մակերևույթների, օրինակ՝ դռան բռնակի հետ շփումից։ Այդպիսի մակերևույթների վրա վիրուսը կարող է գոյատևել ավելի քան երկու օր։
Խորհուրդ է տվում հաճախ լվացվել, հակասեպտիկներ օգտագործել, հնարավորինս քիչ կպչել դեմքին։
Չինաստանում ու Արևելյան Եվրոպայում տարածում էր ստացել միֆը այն մասին, որ նոր վիրուսի դեմ օգտակար է ալկոհոլը, ինչը իհարկե սխալ է։ Ալկոհոկը բացասաբար է անդրադառնում մարդու իմունային համակարգի վրա։ Ավելի քան 60 տոկոս ալկոհոլ պարունակող լուծույթներն ավելի լավ է օգտագործել ախտահարման համար։
Ինչպե՞ս հասկանամ, հիվանդացե՞լ եմ, թե՞ չէ
Ախտորոշման միակ միջոցը լաբորատոր թեստն է։ Վարակվածների մեծ մասի մոտ առաջին սիմպտոմները չոր հազն ու բարձր ջերմությունն են։ Հարբուխ գրանցվել է վարակվածների միայն հինգ տոկոսի մոտ։
Ե՞րբ են պատվաստանյութ ստանալու
Գիտնականներն աշխատում են պատվաստանյութ ստանալու ուղղությամբ, բայց հաշվի առնելով թեստավորման ու ստուգման շրջանների տևողությունը, այն լավագույն դեպքում պատրաստ կլինի մեկ տարուց։ Փարձագետների կանխատեսմամբ, այդ ժամանակ վիրուսի նման տարածումը դադարած կլինի։
Պատվաստանյութը, սակայն, կանխարգելիչ միջոց է։ Այժմ բժիշկները փորձում են գտնել ամենաարդյունավետ հակավիրուսային միջոցը։ Արդեն գոյություն ունեցող տվյալների բազայի շնորհիվ, ավելի ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժումը գնալով ավելի էֆեկտիվ է դառնում։