Բրիտանացի լրագրող Ռոս Կլարկի անդրադարձը կորոնավիրուսի շուրջ բարձրացած աղմուկին ու դրա պատճառներին։
Դեպի Վենետիկ ճամփորդությունը չեղարկած ու Ամազոնից թանկարժեք դիմակներ պատվիրած մարդկանց համար երևի տհաճ կլինի լսել, որ արտառոց ոչինչ չի կատարվում և որ տարեկան հարյուր հազարավոր մարդիկ մահանում են սեզոնային հիվանդությունների և եղանակային անբարենպաստ պայմանների սովորական համադրությունից։
Կորոնավիրուսը (Covid-19) բավականին վտանգավոր վիրուս է, բայց ոչ մեր պատկերացրածի չափ։ Ինչպես պարզվեց, այն ավելի շատ մեր ներքին զայրույթի վրա է ազդում, քան՝ շնչուղիների։ Ամբողջ աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ գրանցվել է 79,331 հաստատված դեպք, բոլորը, բացի 2,069-ից՝ Չինաստանում: Գրանցվել է 2,595 մահվան դեպք Չինաստանում և 23-ը՝ ամբողջ աշխարհում (այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է 93,567 հաստատված դեպք, բոլորը, բացի 13,285-ից՝ Չինաստանում, մահվան դեպքերի թիվը՝ 3204)։ Իսկ սեզոնային գրի՞պը: ԱՄՆ-ում գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գնահատմամբ, սեզոնային գրիպից տարեկան աշխարհում մահանում է 291,000֊ից մինչև 646,000 մարդ: Այսինքն, եթե առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում կորոնավիրուսից մահացությունների թիվը հարյուր անգամ բարձրանա, կհասնի գրիպից մահացությունների ստորին սահմանին:
Ո՞վ է բժշկական դիմակ կրում սովորական սեզոնային գրիպից պաշտպանվելու համար։ Քանի՞ ինքնաթիռի ու գնացքի ժամացուցակ է խախտվել գրիպի պատճառով: Քանի՞ սահման է փակվել։ Քանի՞ անգամ է Ֆոնդային բորսայի վրա ազդել գրիպը:
Կորոնավիրուսի նկատմամբ ավելի զգոն լինելու մի քանի հիմնավորում, այնուամենայնիվ, կա։ Սա նոր վիրուս է, պատվաստանյութ դեռ չունենք: Բայց մենք օր օրի ավելին ենք իմանում: Մահացության մակարդակը այժմ կազմում է մոտ 1 տոկոս կամ ավելի քիչ։ Հիմնականում տուժում են արդեն առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։
Կորոնավիրուսի հիստերիայի պատճառն այն է, որ շատերը կանխարգելման նախազգուշական միջոցներն ընկալում են որպես բարձր վտանգավորության նշան։ Չինական մի շարք քաղաքներից ելումուտը կանգնեցված է, մարդիկ կարանտինի տակ են, գործարաններ են փակվում, փողոցները դատարկվում են (մնում է մի քանի դիմակավոր մարդ), և դա ընկալվում է որպես մոտալուտ լուրջ վտանգի նշան: Եթե Չինաստանը նման կտրուկ քայլեր չձեռնարկեր հիվանդության հետագա տարածումը դադարեցնելու համար, մենք այսքան մտահոգ չէինք լինի:
Այս վիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ, կարծես, սինոֆոբիայի հստակ արտահայտում կա: Չինաստանից դուրս եկող յուրաքանչյուր նոր հիվանդություն շատ արագ որակվում է որպես «համաճարակ»։ Կորոնավիրուսի շուրջ բարձրացած աղմուկը տեղավորվում է չինական Huawei ընկերության կողմից լրտեսությամբ մեր հեռախոսների ինֆորմացիան գողանալու և այլ նման անհեթեթ խոսակցությունների համատեքստում։
Ցանկացած այլ տեղից սկսված հիվանդությունները հիմնականում չեն հուզում մարդկանց երևակայությունը: 2014֊ին կարճատև անհանգստություն սկսվեց, երբ էբոլան, որը շատ ավելի մահաբեր էր, քան կորոնավիրուսը, հայտնվեց Արևմտյան Աֆրիկայում (այն ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհում էբոլայից մահացել է 11,310 մարդ):
Եթե ուզում ենք անհանգստանալ որևէ վարակիչ հիվանդության թեմայով, ապա դա պետք է տուբերկուլյոզը լինի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում 2018-ին տաս միլիոն նոր դեպք է գրանցվել, մահացել է 1,45 միլիոն մարդ: Բայց դրա պատճառով դեռ ոչ ոք բժշկական դիմակ չի գնել: Քանի՞ մարդ գիտի, որ տուբերկուլյոզի էպիկենտրոնը Հնդկաստանն է, որտեղ գրանցվում է դեպքերի 27 տոկոսը:
Covid-19-ի շուրջ խուճապի մեջ մի բան էլ կա: Զարգացած երկրների բնակչության շրջանում սա դարձել է անհանգստության պահանջը բավարարող վերջին ֆենոմենը։ Մենք ապրում ենք պատմության ամենաառողջ ու ամենախաղաղ ժամանակներում, բայց հրաժարվում ենք դա ընդունել։ Մենք անընդհատ հրեշներ ենք ստեղծում՝ սկսած կլիմայի փոփոխություններից, միջուկային պատերազմի վտանգից ու ֆինանսական համակարգի փլուզումից, մինչև մահաբեր վիրուսներ։
Կորոնավիրուսի շուրջ աղմուկը նման չափերի հասավ, քանի որ այն ճիշտ պահին էր հայտնվել։ Հունվարի վերջին Բրեքսիթն էր ավարտվել՝ առանց միջադեպերի: ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը ոչ մի հստակ տեղ չտարավ։ Ավստրալիայի հրդեհները գրեթե մարեցին։ Էլ անհանգստանալու ի՞նչ մնաց։
Այ այդ ժամանակ սկսվեց նոր վիրուսի խուճապի շրջանը: Շուտով դրա բուժման ձևն էլ կհայտնաբերվի։ Մայրցամաքային Չինաստանում վիրուսի տարածման տեմպերն արդեն սկսել են նվազել։ Շուտով անհանգստանալու նոր բանի կարիք կառաջանա։ Ի՞նչ կլինի այս անգամ․ աստերոիդնե՞ր, հաջորդ «արտակարգ» եղանակային դե՞պքը, թե՞ լրիվ ուրիշ բան: Դեռ պարզ չէ, բայց մի բան հաստատ կգտնվի։
աղբյուրը՝ spectator