Home / Առողջապահություն / Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. ԱՆ

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. ԱՆ

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ:

Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է:

Չնայած նրան, որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, շարունակում է արձանագրվել սեզոնային գրիպով պայմանավորված հիվանդացություն, որը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հարկ է նշել, որ գրիպի համաճարակների հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք։

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

Մեկ անգամ ևս հորդորում ենք` եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք:

Առողջապահության նախարարություն