Home / Բանակ / Զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդուն

Զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդուն

Պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) որդուն՝ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Մովսիսյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ 

Թեև քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): 

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

[Թարմացում – 21։00]․ Դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը․ Դավիթ Մովսիսյանը կալանավորվել է։ 

Հիշեցնենք, որ Ղարաբաղում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Փետրվարի 2-ին նրանք ի նշան բողոքի փորձում էին զինվորի դին բերել Երևան՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտ։

Նրանք բացատրություն էին պահանջում․ ինչպե՞ս է ստացվել, որ զինվորն ինքնասպան է եղել զորքի աչքի առաջ, և ոչ ոք չի կանգնեցրել նրան։ Ինչպե՞ս կարող է մարդը մի ձեռքով ավտոմատը վերևից կրծքին պահած, երկու կրակոց արձակելով ինքնասպան լինել։ Ի՞նչ փաստ կամ ապացույց կա, որ տեղի ունեցածը ինքասպանություն է, այլ ոչ՝ սպանություն։ 

Արգավանդի խաչմերուկում նրանց դիմավորած ոստիկաններն ու կարմիր բերետավորները փակել էին ճանապարհը և ուժի կիրառմամբ թույլ չէին տալիս մարդկանց առաջ շարժվել։ 

Դեպքի վայր ժամանած Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում էին համոզել հարազատներին հետ շրջվել, վերադառնալ Հայթաղ և զինվորի դին հանձնել հողին։

Տոնոյանը հավաստիացնում էր՝ ինքն էլ չի հավատում, որ ինքնասպանություն է եղել։

Եվ «սպառնում»՝ եթե հարազատները չվերադառնան գյուղ, ինքն այլևս նախարար չի լինի․ «Այ էս բանի համար, այ էս պահվածքի համար ես էլ նախարար չեմ լինի։ Ես իմ հակառակորդի նախարարի աչքերին էլ չեմ կարողանալու նայել»։ 

Ավագյանի բարեկամներն ու համագյուղացիներն ի վերջո համաձայնեցին վերադառնալ Հայթաղ և հուղարկավորել նրա դին։ Պն նախարարը խոստացավ, որ կմասնակցի թաղման արարողությանը և հետամուտ կլինի գործի անմբողջական բացահայտմանը։

Հարազատների բողոքին արձագանքելով՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել են նրա 3 համածառայակիցները․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը և Սպարտակ Ավետիսյանը: