Ֆրանսիայի Լիլ քաղաքում հայտնաբերվել է 44֊ամյա չեչեն բլոգեր Իմրան Ալիևի դին։ Նա քննադատաբար էր խոսում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մասին։
Չեչեն բլոգերը սպանվել է անցյալ շաբաթ Լիլի հյուրանոցներից մեկում։ Դանակի բազմաթիվ վնասվածքներով մարմինը հյուրանոցի համարում հայտնաբերվել է անցյալ հինգշաբթի։
Սպանության գործիքը հայտնաբերվել է նույն տեղում։
Le Parisien֊ի զրուցակիցը տեղական ոստիկանական բաժանմունքում հայտնել է, որ սպանությունն ամենայն հավանականությամբ քաղաքական մոտիվներ է ունեցել, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին։
Թերթի փոխանցմամբ, բլոգեր Ալիևը, ով նաև հայտնի է Ծեր Մանսուր կեղծանմամբ, Բրյուսելից Լիլ ժամանել է ինչ որ մեկի հետ, ով իրեն ուղեկցել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Հինգշաբթի հյուրանոցի աշխատակիցները բացել են համարի դուռը, քանի որ բլոգերը դուրս չէր գալիս սենյակից։ Սպանվածի ընտանիքի ընկերները պատմում են, որ անհայտ տղամարդը, ով գործով հիմնական մեղադրյալն է, Չեչնիայից Ալիևին հյուր էր եկել Բելգիա, որտեղ բլոգերը քաղաքական փախստականի կարգավիճակ էր ստացել։ Սպանության նախօրեին Ալիևն ընտանիքի անդամներին ասել է, որ մի օրով Ֆրանսիա է գնում՝ գործեր կան։
Ալիևը պարբերաբար Facebook-ում և YouTube-ում տեսահոլովակներ էր տեղադրում, որոնցում քննադատաբար էր խոսում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մասին, նրան մեղադրում էր մարդու իրավունքների խախտման մեջ։
Անցյալ տարի բլոգերը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնում էր ամռանը իր նկատմամբ տեղի ունեցած հարձակման մասին։
Լեհաստանում բնակվող մեկ այլ չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, ով Չեչնիայից փախել է հետապնդումների պատճառով, արդեն հայտնել է հնարավոր մարդասպանի անունը։
Աբդուրախմանովի խոսքով, դա Չեչնիայի Գուդերմեսի շրջանի բնակիչ Ուսման Մամադիևն է։ Հունվարի 18-ին 34-ամյա Մամադիևը, ով հայտնի է «Նուշկա» կեղծանունով, Իսպանիա է ժամանել Մոսկվա֊Վալենսիա չվերթով։ Նույն օրը նա Վալենսիա֊Բեռլին չվերթով Գերմանիա է հասել, որտեղ երկու օր մնացել է Quentin Design հյուրանոցում։ Հետո գնացքով մեկնել է Բելգիա՝ Ալիևի մոտ։ Մամադիևն Ալիևի մոտ մնացել է մեկ շաբաթ, որից հետո միասին Լիլ են գնացել։
Իր YouTube ալիքում հրապարակած տեսանյութում Աբդուրախմանովը պատմում է, որ հյուրանոցում Մամադիևը քնացրել է Իմրան Ալիևին, իսկ հետո դանակի հարվածներով սպանել։ Բլոգերի փոխանցմամբ, ենթադրյալ մարդասպանը Բեռլինից բարեհաջող կերպով Մոսկվա է գնացել, իսկ հիմա արդեն Չեչնիայում է։ Աբդուրախմանովը նշել է, որ Ուսմամն Մամադիև չեչենական բարձրաստիճան պաշտոնյա, պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմհանովի մոտ էր աշխատում։