Նիժնի Նովգորոդի մարզի Ներքին գործերի նախարարության վարչությունը որոշել է, որ Ռամզան Կադիրովի՝ համացանցում վիրավորական արտահայտությունների համար «սպանելու» կոչի մեջ որևէ հանցակազմ չկա։
Չեչնիայի նախագահի կոչի օրինականությունը ստուգելու դիմում ներկայացրել էր տեղական KozaPress լրատվականի խմբագիր Իրինա Սլավինան։ Երեկ՝ հունվարի 23֊ին, Սլավինան ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ոստիկանության պաշտոնական պատասխանը, որում ասվում է, որ «դիմումի դիտարկումը դադարեցված է»։
2019 թվականի նոյեմբերին Ռամզան Կադիրովն իր ելույթներից մեկում կոչ էր անում «սպանել», «նստացնել» ու «վախեցնել» նրանց, ովքեր «արժանապատվություն են վիրավորում համացանցում, խաթարում մարդկանց միջև համերաշխությունը, բամբասանքներ ու խռովություններ են տարածում»։ Ավելի ուշ Կադիրովը խորհուրդ էր տվել իր խոսքերը բառացի չընկալել, դա բացատրելով «չեչենական էթիկայով»։
Իրինա Սլավինային հոկտեմբերին 70 հազար ռուբլու չափով տուգանել էին՝ Իոսիֆ Ստալինի հուշատախտակի մասին գրառման համար։ Դատարանը որոշել էր, որ Սլավինայի խոսքերը վիրավորում են իշխանություններին։