Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։
Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։
Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։
Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։