Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Ինչպես Ոստիկանության գլխավոր շենքի մոտ հայտնեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանն, իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին։
Հայտնելով, որ կատարվածը կապված չէ ՀՖՖ-ին առնչվող քրեական գործի հետ, փաստաբանը նշեց, որ մամուլում՝ Հայրապետյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու մասին տեղեկություններ է կարդացել։
Դրա հետ մեկտեղ, լրագրողների հետ զրույցում Մակինյանն ասաց, որ Հայրապետյանի առանձնատանը, «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» խուզարկության ժամանակ արգելված կամ քրեական գործի համար նշանակություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։
Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Այս պահին Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որևէ կարգավիճակ չունի:
Փաստաբանի խոսքով՝ գործի համար նշանակության ունեցող որևէ իր խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել ո՛չ Հայրապետյանի բնակարանից, ո՛չ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ից։