հեղինակ՝ Աննա Շահնազարյան
աղբյուր՝ medium.com
Սերժ Սարգսյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանն իր նկատմամբ մի քանի հոդվածներով քրեական գործերի հարուցման և իր տան խուզարկության մասին լուրի հրապարակման օրը՝ դեկտեմբերի 13-ին, նախկին թալանչիների լրատվական խոսափողներից մեկով հոխորտախառը տարբեր հայտարարություններ արեց։ Թերևս արժի հիշել, թե ով է Ռուբեն Հայրապետյանը, ինչ արյունոտ պատմություններ են կապված նրա անվան հետ, բայց սահմանափակվեմ հիշեցումով․
մինչև ժողովրդական ընդվզումը նա տիրում էր մի շատ յուղոտ ոլորտի՝ ֆուտբոլին, և ըստ պաշտոնական մեղադրանքների՝ դրսից փողեր էր ստանում ֆուտբոլի զարգացման նպատակով, այդ փողերը վճարում էր իր սեփական շինարարական և կահույքի ընկերություններին, հետո տեխնիկական որակը վերահսկող ընկերությունների վճարում էր արված «աշխատանքների» որակի «հավաստման» համար և այլ տեսակի չարաշահումներ էր անում։ Հետաքննությունն ու դատավարությունը դեռ կպարզեն փողային այս շղթայի բոլոր մանրամասները, ու յուրացումներ ու չարաշահումներ արած անձինք պատասխանատվության կենթարկվեն։
Ինչ վերաբերում է Հայրապետյանի հայտարարություններին, դեկտեմբերի 13-ին նա հրապակավ ցույց տվեց, որ խիստ շահագրգռված է, թե ով կղեկավարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)՝ իր նախկին ոլորտը, որին նա վերաբերվում էր իբրև սեփական «դուքյանի»։ Ի միջի այլոց, սայթաքեց, թե նպատակադրված ասաց, որ կասկածում է իրավապահ մարմինների կատարած քննության վրա, քանի որ, ըստ իրեն, նման ծավալի աշխատանքը մեկ տարուց ավելի ժամանակ է պահանջում։ Այսինքն, ինքն էլ հույս ունի, որ իրեն հավատարիմ կամ ծառայող մեկին առաջ մղելով, կկարողանա ելումուտ ունենալ նախկին «դուքյան» ու երկարատև քննության ժամանակի հետ խաղալու միջոցով միգուցե կփորձի ազդեցություն ունենալ քննության ենթակա փաստաթղթերի վրա։
Թողնենք այս խիստ արժանահավատ ենթադրությունները և վերհիշենք սոցիալական ցանցերում ծաղրի վերածված նրա խոսքը, որը ծաղրից զատ քողարկված կարևոր իմաստներ է պարունակում․ «Ռուբեն Հայրապետյանի կոշիկի տակը չի պոկվի, Թովմաս Գրիգորյանի կոշիկի տակը չի պոկվի»։ Նա սա ասաց ի քննադատություն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի, ում կոշիկի հետ կապված դիպվածը կարծես նրա միակ «թերությունն» էր և ի պաշտպանություն Թովմաս Գրիգորյանի, ով ֆուտբոլային ակումբի ղեկավար է, ՀՖՖ Ֆինանսական կոմիտեի նախագահը և ակնհայտորեն ՀՖՖ նախագահի՝ իր ֆավորիտ թեկնածուն։ Հիշեցնեմ, որ ՀՖՖ անդամների ընդհանուր ժողովը 2019թ․ դեկտեմբերի 23-ին ընտրելու է նոր նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների։
Թե ինչ են իրենցից ներկայացնում ֆուտբոլային ակումբները, ինչ փողեր են դրանցում պտտվում, ինչպես են ֆուտբոլային խաղերը դարձել մեկ այլ խաղային ոլորտի՝ խաղադրույքային ընկերությունների՝ փող դիզելու առարկան, ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են պտտվում պայմանավորված խաղեր կազմակերպելու, հանդիսատեսներին մոլորեցնելու, բայց իրականում խաղադրույքների հաշվին ահռելի գումարներ աշխատելու ասպարեզում, չեմ հանդգնի ներկայացնել, քանի որ դա այսբերգի նման ահռելի անտեսանելի շղթաներ ունի։ Դա չէ այս պահին կարևոր։
Կարևոր է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե իբր «Թովմաս Գրիգորյանի կոշիկի տակը չի պոկվի»։ Երևի ուզում է ասել՝ Թովմաս Գրիգորյանը ունեցվածք ունի, կոշկային հարստություն կամ հարստության այլ տեսակներ, կամ միգուցե Հայրապետյանին հարազատ վարվելակերպի՞ է տիրապետում՝ կոշիկների գործադրմամբ, կամ միգուցե ակնարկում է, թե վստահելի՞ է՝ չպոկվող կոշիկի տակի նման։
Թովմաս Գրիգորյանի անունը համացանցում որոնելիս կարելի է հանդիպել իրեն նախկինում պատկանած ընկերության անվանը՝ «Թալգրիգ» ՍՊԸ-ին, ի դեպ, նա Թալգրիգ անունով ֆուտզալային ակումբ էլ է ունեցել։ «Թալգրիգ» ՍՊԸ-ի և նրա սեփականատեր Թովմաս Գրիգորյանի անունը շոշափող հրապարակումներ կան պաշտոնական հայտարարությունների azdarar կայքում, դատական գործերի datalex համակարգում, Պետեկամուտների կոմիտեի կայքում, տարատեսակ լրատվամիջոցների կայքերում։
Ըստ Թովմաս Գրիգորյանի կենսագրության՝ 1991թ․-ից գործարարությամբ զբաղվող Գրիգորյանը «Թալգրիգ» ընկերությունը հիմնադրել է 1999թ․-ին։ Ընկերությունն ունեցել է սննդի արտադրության լիցենզիա, զբաղվել է քաղցրավենիքի, մակարոնեղենի ու ալյուրի արտադրությամբ, մատակարարման պայմանագրեր է ունեցել Պաշտպանության նախարարության հետ։ Չփաստաթղթավորված հարկային վարչարարություն իրականացնելու համար հարկային տեսչության կողմից 2013–14թթ․-ին ցուցակագրվել է հսկման ենթակա ընկերությունների ցանկում, վարչական տույժերի է ենթարկվել մաքսային մարմինների կողմից և այլն։
Գործարար Թովմաս Գրիգորյանը 2015թ․-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (դատավոր՝ Ա.Աթաբեկյան) թիվ ԼԴ4/0027/04/15 սնանկության գործով ճանաչվել է սնանկ։ Սնանկության դիմումը ներկայացրած է եղել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Թովմաս Ռոբերտի Գրիգորյանի՝ իբրև «Թալգրիգ» ՍՊԸ-ի միակ մասնակցի։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի 2015թ․ հուլիսի հրապարակման՝ «Թալգրիգ»-ը «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պարտք էր ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին՝ շուրջ 21000 ԱՄՆ դոլար, ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ շուրջ 38 մլն ՀՀ դրամ, Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությանը՝ 35 մլն ՀՀ դրամ։ Թերթն ակնարկում է, որ ընկերությունները հաճախ են գնում արհեստական սնանկացման՝ վարկային ու հարկային պարտավորություններից խուսափելու համար։
Թե ինչ պատճառներով և հետևանքներով է սնանկացել Թովմաս Գրիգորյանը, հայտնի չէ, սակայն փաստ է, որ 2015թ․-ից մինչ օրս ընթանում է սնանկության դատարանի կողմից պարտավորությունների կատարման ենթակա գույքի աճուրդի գործընթացը։
Սնանկ ճանաչված Թովմաս Գրիգորյանի գրավադրած գույքի համար, որը ներառում է անսարք կամ կիսասարքին տարբեր սարքավորումներ, արտադրական հոսքագծեր, ավտոմեքենաներ, հողամաս Երևանի Գյուրջյան փողոցում և այլն, հօգուտ «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ի առաջիկա աճուրդը հայտարարված է 2020թ․-ի հունվարի 14-ին։
Մինչ այդ, ինտերնետային բիզնես շտեմարաններից մեկում առկա է նաև տեղեկատվություն, որ ժամանակին «Թալգրիգ» ՍՊԸ-ին է պատկանել Օղակաձև այգու մի մասն ապօրինաբար գրաված «Ջոս» ռեստորանային համալիրը, սակայն դրա գրավադրված լինելու կամ Թովմաս Գրիգորյանի կողմից իբրև ֆինանսական պարտավորության կատարում պարտատիրոջը փոխանցվելու մասին տեղեկատվություն առկա չէ։ Հնարավոր է՝ «Ջոս»-ը փոխանցվել է որևէ մերձավորի և շարունակում է գործել իբրև բիզնես։
Մամուլում տեղեկությունները վկայում են, որ «Ջոս»-ն անուղղակիորեն մինչ օրս պատկանում է Թովմաս Գրիգորյանին, իսկ նրա սնանկ լինելու ու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին անհամատեղելի լինելու մասին լրագրողական ակնարկները թերևս կարելի է ամփոփել Ռուբեն Հայրապետյանի հայտնի պնդման հռետորական հարցադրումով՝ ինչո՞ւ է Հայրապետյանն այդքան վստահ սնանկ գործարարի կոշիկի հարցում։