Այսօր կայացել է «Հարսնաքարի գործով» վերաքննիչ բողոքով առաջին նիստը. բողոքները ներկայացրել են ամբաստանյալներից երեքի ներկայացուցիչները՝ դատարանից պահանջելով բեկանել իրենց պաշտպանյալների մասով առաջին ատյանի վճիռները և առանձնացնել դրանք՝ նոր քննություն սկսելուց առաջ։
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել 6 մեղադրյալներին` Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Նորայր Հայրապետյանին, Արթուր Բաբլոյանին և Դավիթ Ադամյանին, և դատապարտել 12 տարվա ազատազրկման։
Վահե Ավետյանի ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, և պատասխանող կողմը ներկայացնում էր միայն դատախազը՝ Արմեն Դավթյանը։
Գագիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանում ասել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի կազմած դատական ակտում որևէ նկարագրողական հատված չկա, և խմբակային սպանության մեղադրանքը չի ապացուցվել։ Պաշտպանի խոսքով՝ սպանված Վահե Ավետյանի վրա վեց ծանր մարմնական վնասվածքներ անգամ չէին եղել, որպեսզի կարելի լիներ նույնիսկ մտածել, որ վեց ամբաստանյալներից յուրաքանչյուրը գոնե մեկ հարված հասցրել է։ Թովմասյանը նշել է, որ թույլ են տրվել բազում խախտումներ․ դատարանը հաշվի չի առել, օրինակ, տուժողների հակասական ցուցմունքները, մինչդեռ անարժանահավատ է համարել ամբաստանյալների ասածները, հաշվի չեն առնել նաև հեռախոսային վերծանումները։
Փաստաբանն իր ճառում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն վարկածին, թե ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը «իր վրա է վերցրել մեղքը»՝ համաներում ստանալու համար։ Ըստ Թովմասյանի՝ Նորայր Հայրապետյանի ասածն ընդամենը բացահայտել է այն սխալները, որոնք թույլ էր տվել մեղադրանքի կողմը։
Այսօր վերաքննիչ բողոքը ներկարացրել է նաև Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը։ Նա պնդել է, որ իր պաշպանյալը ծեծկռտուքի օրը նույնիսկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում չի եղել։ Նա նաև ասել է, որ տուժողներ Արտակ Բայադյանը, Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը իրենց ցուցմունքներում ասել են, որ չեն տեսել, որ Արթուր Բաբլոյանը խփել է իրենց։ Այսինքն՝ գործի նյութերը չեն ապացուցում, որ նա մասնակցել է սպանությանը։
Նշենք, որ դատական նիստից առաջ ամբաստանյալների հարազատները բողոքի ակցիա էին անցկացրել դատարանի դիմաց։