Արցախի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան փաստով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը, կատարվում է նախաքննություն։ Այս մասին «Ֆեյսբուքի» միջոցով հայտնել է ՔԿ֊ի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը», – ասված է գրառման մեջ։