Ռուսաստանի դաշնության Գլխավոր դատախազության պարտավորեցմամբ, Քննչական կոմիտեն փոխել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, քույրերի գործողությունները որակելով որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Նրա խոսքով, Քննչական կոմիտեն այժմ պետք է դադարեցնի գործը։ Քույրերի պաշտպանությամբ զբաղվող մեկ այլ փաստաբան Ալեքսեյ Պարշինը բացատրեց, որ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը։
«Պարզված հանգամանքներից ու հավաքված ապացույցներից հետևում է, որ Խաչատուրյան քույրերը պարզապես պաշտպանական մեխանիզմ են մտածել հոր ոտնձգությունների դեմ։ Իրական վտանգ է սպառնացել նրանց կյանքին ու առողջությանը, ինչը նրանց թույլ է տվել պաշտպանվել ցանկացած հնարավոր եղանակով։ Այսպիսով, նրանց գործողությունները դիտարկվում են որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն», ֊ դատախազության որոշումը մեկնաբանել է փաստաբան Պարշինը։
Հիշեցնենք, որ քույրերին մեղադրանք էր առաջադրվել 54-ամյա Միխայիլ Խաչատուրյանին նախնական համաձայնությամբ սպանելու համար։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում հոր կողմից կատարվող և տարիներ ձգվող դաժանություններից, ծեծից և անգամ սեռական բռնությունից հետո։ Հավելյալ փորձաքննությունը հաստատել էր, որ Խաչատուրյանի կողմից բռնի գործողությունները ծանր վնաս են պատճառել աղջիկերի առողջությանը։