Հուլիսի 6-ին Երևանի կենտրոնում մի քանի տասնյակ մարդիկ դուրս էին եկել քայլերթի՝ պահաջելով ազատ արձակել Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին, իսկ նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն։ Քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից և շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա։ Ցուցարարներն անցնում էին պողոտայի սրճարանների կողքով՝ վանկարկելով «Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը», «քույրերը մեղավոր չեն», «Ազատություն Խաչատության քույրերին»։ Քայլերթը ավարտվեց կինո Մոսկվայի մոտ։
Մանրամասները՝ տեսանյությում։
(ռեպորտաժը պատրաստեց Սամսոն Մարտիրոսյանը)
Սա ի աջակցություն Խաչատուրյան քույրերի երկրորդ բողոքի ցույցն է Երևանում։ Առաջինը՝ միջազգային սոլիդարության ակցիայի շրջանակներում, տեղի ունեցավ հունիսի 24-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին, ովքեր մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, հունիսի 13-14-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել․ Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններին մեղսագրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքը, այն է՝ խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ, որը ենթադրում է 8-ից 20 տարի ազատազրկում։ Կրտսեր Մարիայի, ով հուլիսի մեկին ճանաչվեց անմեղսագիտակ, քրեական գործը կքննվի առանձնացված(դեռևս հայտնի չէ՝ որ հոդվածով)։
Այսինքն՝ առնվազն Անգելինա և Մարիա Խաչատությանների քրեական գործի նախնական որակավորումը մնացել է անփոփոխ․ քույրերի փաստաբաններն ու մեծաթիվ աջակիցները լիահույս էին, որ քննչական մարմինը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ փաստերը, կփոխի հոդվածը առնվազն «ինքնապաշտպանության սահմանազանցման»։ Արդյունքում փոխվեց միայն հանցագործության դրդապատճառը, որն այժմ պաշտոնապես ձևակերպված է որպես «անձնական թշնամանք՝ պայմանավորված հոր կողմից դուստրերին պատճառված երկարատև ֆիզիկական և հոգեբանական տանջանքներով»։
Փաստացի, Խաչատուրյան քույրերի հարևանների, համադասարանցիների, դպրոցի աշխատակիցների, մոր և եղբոր վկայությունները՝ մշտական բնույթ կրող սպառնալիքների, բռնությունների և խոշտանգումների մասին, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կողմից սեռական շահագործման և սեռական բռնությունների ենթարկվելու մասին քույրերի վկայությունները, ի վերջո՝ փորձաքննությունները, որոնք հաստատեցին հոր կախվածությունը ծանր թմրանյութերից և հոգեմետ դեղերից, տեղեկությունները քրեական աշխարհի հետ սպանվածի կապերի մասին, ինչպես նաև՝ պետական ծառայողի՝ հատուկ ծառայությունների աշխատակցի կեղծ վկայականները, որոնք հայտնաբերվեցին Միխայիլ Խաչատուրյանի տանը և որոնցով, ըստ դպրոցի աշխատակիցների, նա լռեցնում և կասեցնում էր բոլոր ահազանգների և դիմումների ընթացքը, ինչպես նաև վկայություններն առ այն, որ տարիներ շարունակ քույրերը օգնություն են խնդրել ծանոթներից, անցանոթներից, դպրոցի աշխատողներից, իսկ նրանց մայրը՝ նաև ոստիկանությունից, բայց բոլոր դեպքերում հայտնվել են պետական և հանրային պաշտպանությունից դուրս, անգամ հոգեբուժական եզրակացությունները քույրերի հոգեկան անկայությունյան և քույրերից ամենափոքրի՝ Մարիայի, անգիտակից լինելու մասին, ամեն դեպքում, հիմք չդարձան գործի վերաորակավորման համար։ Աղջիկները դատվելու են քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներից մեկով։ Նախաքննությունը հայտարարվել է ավարտված, գործի նյութերը սեղմ ժամկետներում կփոխանցվեն դատարան։
Ռուսաստանում ի աջակցություն Խաչատուրյան քույրերի օրեր շարունակ բողոքի ցույցեր և պիկետներ են տեղի ունենում․ մարդիկ դուրս են գալիս փողոց նույն պահանջներով՝ փոխել քրեական գործի որակավորումը, բացառել քույրերի կալանավորումը, ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել։